Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտեմ, հիմա խոսքիս չի պիտի հավատաք, կատակ պիտի կարծեք, արդեն այս գեշ սովորությունը ձեր մեջը շատ տարածված է և հետզհետե ալ տարածվելու վրա է. բայց, կատակ չէ ըսածս, ինձի չի հավատացողը թող երթա Խնդիրյան էֆենտիին հարցնե, որ Քաղաքական ժողովո և անոր մասնաժողովույն անդամ է և վարդապետին ալ պաշտպան բարեկամը կամ բարեկամ պաշտպանը։

Ասոր ալ չի հավատացողը թող անդամ մալ Ղալաթիո խորհրդարանը երթալով, Փափազյան էֆենտիին հարցնե, որ թեև ոչ Քաղաքական ժողովո ո՛չ ալ անոր մասնաժողովույն անդամ, բայց- իբրև Ղալաթիո եկեղեցվույն մշտնջենավոր քայմաքամ, մեծ ազդեցություն ունի հոն գումարված հիշյալ ժողովներուն կամ անոնցմեկ քանի անդամներուն վրա։

Կրնա ըլլալ, որ շատեր Փափազյան էֆենտիին ալ չի հավատան, թեև հոս չի հավատալու բան մը չի կա, թեև Փափազյան՝ արժանահավատ աղբյուր մըն է․․․ ջուրի, բայց մեր մեջը կը գտնվին կոր անանկ չի հավատացող մարդիկ. չգիտեմ, թե Թովմաս առաքյալն ալ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներուն հետ Հայաստանի մեջ քարոզելու եկա՞վ¹. փափագելի է, որ այս մասին քիչ մը լույս տար մեզի Չամուրճյան պատվելին, որպեսզի սխալմամբ տիղմին մեջ չի կոխենք։

Չի կոխենք տիղմին մեջ, Ամբրոսիոս քարոզիչ եղավ. Փափազյանին չի հավատացողը թող երթա իրեն հարցնե և միանգամայն իմանա, թե ո՞ւր մնաց եղբորը դատը², ի՞նչպես վերջացավ և թե ի՞նչպես պիտի սկսի։

Ամբրոսիոս վարդապետը քարոզիչ ըրիք, հե՜։ Կրոնական ժողով, Խնդի՜րյան էֆենտի, Փափազյա՜ն էֆենտի, բայց միթե կրնա՜նք հասարակությունը վստահեցնել, թե հիշյալ նորին.... արժանապատվությունը Պրոպատիկեի մեջ մկրտվեցավ³, սրբվեցավ, անմեղ ելավ, և թե հանդարտ խղճմտանքով զինքը քարոզիչ ըրիք։

... Բայց Ամբրոսիոսը իրա՞վ քարոզիչ ըրիք․․․ շիտակը հավատալս չի գար կոր, չըլլա որ սխալմունք մը ըլլա, չըլլա որ ուրիշ Ամբրոսիոս մը ըլլա, վասնզի բերայի Ամբրոսիոսը ասկե առաջ քանի մը լրագրաց մեջ հրատարակել տվավ, թե ինքը եղբոր բացած պատվո դատը վաստկեր է, իլամ ըրեր է, թե եղբայրը զրպարտիչ ըլլալով պատիժ պիտի կրե, թեպետև այն ատենը Մեղուն ալ ելավ սուտ հանեց այդ հրատարակությունը և ըսավ, թե ոստիկանության պաշտոնատունեն թուղթ մը գացեր է Պատրիարքարան այս խնդրույն համար, հարցուց, թե ի՞նչ էր այն թուղթը