է ԱՄՆ Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ պետքարտուղարի կողմից:
Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը: Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օրը: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի մեկ բառով՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ:
Այսու, միանգամայն նպատակահարմար է, որ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, համաձայն
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
62-րդ հոդվածի 2-րդ պարբերության, ընդունի
հայտարարություն, որով ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ը հայտարարվի
ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ: