Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԱ. Կրկին ՄԱԿ-ին անդամակցելու և

սահմանների ճանաչման մասին

Չարաբաստիկ զույգ արձանագրությունների հրապարակումը առիթ հանդիսացավ, որ իրենց քաղաքագետ համարող լրագրողներից ոմանք սկսեն մտքեր արտահայտել մինչևիսկ միջազգային իրավունքի մասին: Մտքեր, որոնք բնավ չեն հիմնավորվում որևէ փաստաթղթի վկայակոչմամբ, սակայն ունեն անվերապահ դատողության երանգ:

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ ստիպված եմ անդրադառնալ օրերս հնչած մի դատողության, որն իհարկե նոր չէ հայկական, այսպես կոչված, քաղաքական մտքի դաշտի համար: Վերջերս առիթ ունեցա կարդալու հետևյալը. «Իրականության մեջ, երբ Հայաստանը դարձավ անկախ և դարձավ ՄԱԿ-ի անդամ, նա պարզապես ճանաչեց այսօրվա սահմաններր»: (Но на самом деле, когда Армения стала независимой и стала членом ООН, то она просто признала сегодняшние границы.)

Նախ ասեմ, որ միջպետական հարաբերություններում պարզապես (просто) ոչինչ տեղի չի ունենում: Որոշակի իրավական հետևանքներ կարող են առաջացնել միայն համապատասխան իրավական ձևակերպում պարունակող օրինական փաստաթղթերը: Առավել ևս, երբ հարցը վերաբերում է սահմաններին: Անկախության հռչակումը, անկախության ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, անդամակցությունը ՄԱԿ-ին բնավ կապ չունեն սահմանների հետ: Սահմանները հաստատվում, ճշգրտվում և փոփոխության են ենթարկվում միմիայն որոշակի իրավական գործընթացով և միջազգային իրավունքի համապատասխան գործիքով (instrument of international law): Զուտ իրավական տեսանկյունից սահմանը գոյություն չունի, քանի դեռ չկա դրա մասին համապատասխան միջպետական պայմանագիր, այսինքն՝ սահմանի նկարագրական մասը պարունակող և առդիր քարտեզներ ունեցող օրինական փաստաթուղթ: Տրոհված պետության (իմա՝ ԽՍՀՄ) ներպետական վարչատարածքային նախկին բաժանարար գծերը չեն կարող միջպետական սահմանների համար օրինական հիմք հանդիսանալ: