Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հզորությամբ: Պետության հզորությունը որոշակի ցուցանիշների սոսկական գումար չէ, այլ շոշափելի, նյութական ցուցանիշների բազմապատկումն է նպատակի և նպատակամղվածության գումարային ցուցանիշով: Անկախ տարածքի, բնակչության, տնտեսական և ռազմական հզորությունից, եթե պետությունը չունի նպատակ, հետևաբար և դրան հասնելու կամք, պետության հզորությունը ոչինչ է, քանի որ հայտնի է. ցանկացած թիվ զրոյով բազմապատկելիս արդյունքում զրո է ստացվում:

Այսօր Արցախի հարցը, մի շարք առարկայական և ոչ առարկայական պատճառներով, համազգային նպատակ չի հանդիսանում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու քաղաքական գործընթացն, ըստ էության, լինելով համազգային նպատակ, պետական նպատակ լինել չի կարող, քանի որ բացակայում է այդ նպատակի միջոցով որևէ էական արդյունքի հասնելու հստակ ճանապարհը:

Հետևաբար, ոչ միայն Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին, այլև Հայկական հարցը լուծելուն նպատակամղված ինքնին գործընթացը, այսինքն նման նպատակի առկայությունն ու դրան հասնելու քաղաքական կամքը, հայոց պետականության հզորության ամրապնդման անփոխարինելի գործոն է:

Մենք պիտի չանենք այնպիսի քայլեր, որոնք կարող են թուլացնել հայոց պետականությունը և այն զրկել գոյության նպատակից, քանզի Հայրենիքը, որ նպատակ չունի, սոսկ բնակավայր է:

11 սեպտեմբերի, 2009թ.