1992թ.] ամրագրում է «փոխանակել դիվանագիտական առաքելություններ դեսպանությունների մակարդակով» (to exchange diplomatic missions at the level of embassies)[1]: Այսինքն՝ ստեղծվում է իրավական հիմք և պարտավորություն արտակարգ և լիազոր դեսպանների հավատարմագրման համար, քանի որ երկկողմ հարաբերություններում «դեսպանի կողմից գլխավորվող դիվանագիտական առաքելությունն է կոչվում դեսպանություն»:
Ամերիկայի հետ հարաբերություններում թուրքերն ավելի առաջ են գնացել: Երբ 1927թ. փետրվարի 17-ին նոտաների փոխանակման ճանապարհով ԱՄՆ և Թուրքիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ապա նաև պարտավորվեցին «հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը» (to proceed to the appointment of Ambassadors as soon as possible)[2]: Սա բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Սենատում թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող մեծաթիվ խումբ կար: Այսինքն՝ Թուրքիան հեռու էր նայում և նման ձևակերպմամբ իրեն ապահովագրեց, որ ապագայում Սենատը չկարողանա մերժել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը, ինչպես նաև առարկել Թուրքիայի դեսպանի ժամանմանը Վաշինգտոն:
Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը կնքվելու լիներ մեկ այլ երկրի հետ, գուցեև այդքան անհանգստանալու կարիք չէր լինի: Սակայն Թուրքիայի հետ պատմական փորձը մեզ մղում է հնարավորինս հաշվենկատ և հեռատես լինելու:
Այո՛, դեսպանությունը դիվանագիտական առաքելություն է, սակայն ամեն դիվանագիտական առաքելություն դեռ դեսպանություն չէ: Տեղին է հիշել պարսիկի խոսքը. «Գերդու գերդ ասթ, ամմա հար գերդի գերդու նիստ» (Ընկույզը կլոր է, սակայն ամեն կլոր բան ընկույզ չէ):