Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հողում խորթ զավակ լինելը: Այսօր Վրաստանի իշխանությունները, հակառակ իրենց ստանձնած բազմաթիվ միջազգային պարտավորությունների, վիրահայության և, մասնավորապես ջավախահայության նկատմամբ, իրականացնում են կոպիտ խտրականության և կոշտ ճնշման քաղաքականություն: Ազգային ինքնության ցանկացած դրսևորում որակվում է որպես ազգայնականություն, ցանկացած պատմական կամ իրավական հարցի քննարկում պիտակվում է որպես անջատողականություն, ցանկացած մշակութային ձեռնարկ դիտարկվում է կասկածամտությամբ: Հաճախ այս ամենը վերջանում է պատժիչ անօրինական գործողություններով:

ՀՀ իշխանությունների թողտվությամբ և Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով ջավախահայությունը հետզհետե գլորվում է մեկուսացման գիրկը, որի հետևանքով նրանց մեջ կուտակվում է անձնական և ազգային վիրավորանքը: Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն անտարբեր գտնվելու հայության այդ մի արժանավոր հատվածի նկատմամբ:

Ջավախքի հայկական գոյությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության անկյունաքարերից է: Ջավախքը Հայաստանը մեծ աշխարհի հետ անխափան կապ ունենալու երաշխիքն է: Վրաստանի իշխանություններն էլ, իրենց իսկ երկրի շահերից ելնելով, պիտի գավառային խորամանկություն չանեն և պիտի չբավարարվեն Ջավախքում առկա հիմնախնդիրներին միայն սոցիալ-տնտեսական բացատրություններ տալով: Մարդիկ հաճախ անձնական դժվարություններն ավելի հեշտ են տանում, քան ազգային վիրավորանքն ու խտրականությունը:

Ջավախահայությունը Վրաստանում այսօր 2 կարգավիճակ ունի: Այն, ինչպես ողջ վիրահայությունը, ազգային փոքրամասնություն է, միևնույն ժամանակ նաև բնիկ ժողովուրդ է: Հետևաբար, ջավախահայության կյանքը Վրաստանում պետք է կարգավորվի ոչ միայն Վրաստանի օրենքներով, այլև ազգային փոքրամասնություններին և բնիկ ժողովուրդներին վերաբերող միջազգային այն փաստաթղթերով, որոնց մաս է կազմում Վրաստանը:

Այս առումով խիստ շահեկան է «Միտք» վերլուծական կենտրոնի հովանու ներքո Վահե Սարգսյանի կողմից պատրաստված «Ջավախահայության իրավունքների ամրագրումը միջազգային փաստաթղթերում» ժողովածուն: Ժողովածուի մեջ ի մի են բերված միջազգային իրավունքի այն փաստաթղթերը, որոնցով Վրաստանն