Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԳ. Վերք Հայաստանի կամ

Ինչո՞ւ է պետք լուծել Հայկական հարցը

Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում: Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է (international legal personality), այսինքն՝ միջազգային քաղաքական դաշտում անհատականացված հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը: Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները շատ բանով նման են միջանձնային հարաբերություններին, քանզի ընդհանուր առմամբ պետության՝ կարգին պետության, շահն ածանցվում է նրա անհատ քաղաքացիների հավաքական շահից:

Անձնավորելով պետությանը՝ միջազգային իրավունքը քաղաքական և իրավական բազում երևույթներ նկարագրելիս օգտագործում է անձին վերաբերող բառապաշար: Օրինակ, միջազգային իրավունքի մեջ կա խոցված, վերք ստացած, վիրավորված պետություն (injured state) հասկացությունը: Եղեռնազարկ բանաստեղծ Դանիել Վարուժանն այդ երկրներին կկոչեր կարեվէր երկրներ: Հիշո՞ւմ եք նրա «Յիսուսի պես կարեվէր, Արշալոյսի մը երկունքէն բռնուած»: Քանի որ կարեվեր [կարեվէր] բառը բաղկացած է կարի = ուժեղ, խորը և վէր(ք) [ստացած] բառերից և միանգամայն արտահայտում է injured state-ի ընդգրկուն քաղաքական իմաստը, ուստի հայոց քաղաքական բառապաշարը հարստացնենք ևս մի դարձվածքով և այդ խոցված երկրները բնութագրենք որպես կարեվեր պետություններ:

Միջազգային իրավունքը հստակ տալիս է կարեվեր պետության սահմանումը. «Կարեվեր պետությունն այն պետությունն է, որի իրավունքը խախտվել է մեկ այլ պետության կողմից՝ սեփական պարտավորությունների ոտնահարումից առաջացած միջազգայնորեն սխալ գործողության հետևանքով»:

Երբ նայում ենք մեր ոչ վաղ անցյալին, ապա ակնհայտ է դառնում, որ 1920-1921թթ. բոլշևիկ-քեմալական խարդավանքների հետևանքով Հայաստանի պետականության մարմնին հասցվել է խորը վերք. Թուրքիան, ոտնահարելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները, բոլշևիկների աջակցությամբ և Արևմուտքի թողտվությամբ, խախտել է մեր իրավունքները և մեր պետությանը զրկել է պե-