Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանրապետության և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի կայացումը հայոց պետականության գոյության թեկուզև վերջին օրերին (22 նոյեմբերի, 1920թ.) և հատկապես այդ վճռի կնքումը Միացյալ Նահանգների պետական մեծ կնիքով:

Վուդրո Վիլսոնը նախագահ լինելուց առաջ, բառիս բուն և փոխաբերական իմաստով, նախ իրավագետ էր: Նա ԱՄՆ նախագահներից միակն է, որ գիտական աստիճան է ունեցել՝ այն էլ իրավագիտության դոկտորի կոչում: Որպես իրավագետ Վիլսոնը լավ հասկանում էր, որ սենատում Հայաստանի մանդատի հարցի մուտքագրումը և քննարկումը պիտի սենատի մակարդակով և նրա կողմից ամրագրի այն դրույթները, որոնց վրա խարսխված է մանդատային համակարգը և որոնց հիման վրա մանդատի հարցը ենթակա է քննարկման: Արդեն վերը նշել էինք, որ ընդհանրապես մանդատների համար հիմք էր հանդիսանում Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածը: Այդ հոդվածը մասնավորապես արձանագրում է, որ մանդատները հաստատվում են “այն գաղութների և տարածքների վրա, որոնք վերջին պատերազմի հետևանքով դադարել են լինել այն պետությունների գերիշխանության տակ, որոնք նախկինում կառավարել են դրանք”: (To those colonies and territories which as a consequence of the late war have ceased to be under the sovereignty of the States which formerly governed them.)

Այսինքն, մանդատ կարելի էր հաստատել միայն այն “գաղութների և տարածքների” նկատմամբ, որոնց վրայից արդեն իսկ վերացված էր նախկին գերիշխանությունը: Այսինքն, ԱՄՆ Սենատը, 1920թ. մայիսին քննության վերցնելով Հայաստանի մանդատի հարցը, այդ իսկ գործողությամբ, անկախ քվեարկության ելքից, հաստատում էր այն իրավական փաստը, որ խնդրո առարկա տարածքի վրայից վերցված էր թուրքական գերիշխանությունը (sovereignty): Հակառակ պարագայում սենատն իրավասու չէր քննարկելու որևէ երկրի գերիշխանության ներքո գտնվող տարածքի կարգավիճակի հարց: Հիշյալ 22-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը մասնավորեցնում է, որ մանդատային համակարգը վերաբերում է նաև “որոշակի համայնքների, որոնք նախկինում պատկանել են Թուրքական կայսրությանը” (Certain communities formerly belonging to the Turkish Empire). Այսինքն, հստակեցված է 2 դրվագ. առաջինը՝ մանդատային համակարգը վերաբերում է նաև “Թուրքական կայսրությանը”, և երկրորդ՝ Ազգերի լիգայի կանոնադրության ուժի մեջ մտնելու պահից (10.01.1920թ.) և