Jump to content

Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զ. Հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության ժամանակ

Հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը դեռևս
Թուրքիայի կողմից պատասխանի է սպասում՝ ցեղասպանությունը
պիտի ճանաչվի և վնասները պիտի հատուցվեն: Սրանք ուտոպիական նպատակներ չեն: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ,
թուրքական պետությունն ունի միջազգային իրավական
պարտավորություններ: Համաձայն միջազգային իրավունքի,
հանցագործությունների համար պատասխանատվությունն ընկնում է դրանք իրականացրած երկրի վրա, ինչպես նաև, ըստ շարունակականության և պատասխանատվության սկզբունքի՝ նրա իրավահաջորդի:

Ֆեդերիկո Անդրեու-Գուզման, ավագ իրավախորհրդատու,
Իրավաբանների միջազգային հանձնաժողով (Ժնև)

Մարդկային կյանքը գերագույն և բացառիկ արժեք է: Այն անգին է: Բնականաբար, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, մենք առաջին հերթին, և գրեթե բացառապես, շեշտել ենք հայ ժողովրդի մարդկային կորուստները: Սակայն ցեղասպանության տարիներին հայ ժողովուրդն ունեցել է նաև հսկայական նյութական կորուստներ: Անվիճելի է, որ ցեղասպանության ածանցյալ նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական և հավաքական սեփականության յուրացումը: Միջազգային իրավունքը հռչակում է. Ex injuria non oritur jus (լատ.), այսինքն՝ հանցագործը չպիտի վայելի իր հանցագործության տուղները: Այլ խոսքով, erga omnes հանցագործության հետևանքները չեն կարող ճանաչվել կամ օրինականացվել:

Այս առումով, շատ կարևոր է հստակեցնել, թե գումարային դրսևորմամբ ինչքան են եղել հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին՝ 1915-1923թթ.: Քննության առնենք որոշ պաշտոնական փաստաթղթեր, որոնցում արձանագրվել են հայ ժողովրդի նյութական կորուստները, և ամրագրվել է նրա փոխհատուցում ստանալու իրավունքը:

1918թ. նոյեմբերի 11-ին Առաջին աշխարհամարտում ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնող զինադադարը պաշտոնապես մտավ ուժի մեջ: Երկու ամիս անց՝ 1919թ. հունվարի 18-ին, Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի Խաղաղության վեհաժողովը (The Paris Peace Conference), որի