Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժ. «Վուդրո Վիլսոնի 14 կետերը» և Հայաստանը

Վուդրո Վիլսոնն իր ձեռքում է պահել ԱՄՆ քաղաքական ղեկը մի խռովահույզ ժամանակաշրջանում (1913-1921թթ.), երբ առաջին աշխարհամարտի փոթորիկների մեջ և դրան հաջորդած քաղաքական վերաձևումների ընթացքում կործանվում էին կայսրություններ, պատմական ասպարեզ էին իջնում նորանոր երկրներ, ի հայտ էր գալիս աշխարհի, որպես մի փոխկապակցված ընդհանրության, նոր ըմբռնումը: Անուրանալի է ԱՄՆ նախագահի և իրավագիտության դոկտորի դերը ազգերի ինքնորոշման իրավունքի քաղաքական հասկացության առաջադրման, մշակման և աներկբա սատարման ուղղությամբ, ինչպես նաև Ազգերի լիգայի, հետևաբար դրա իրավահաջորդը հանդիսացող ՄԱԿ-ի, ստեղծման գործում:

Գրեթե ինը տասնամյակ առաջ՝ 1918թ. հունվարի 8-ին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Կոնգրեսի համատեղ նիստին դիմեց մի ուղերձով, որը քաղաքական պատմության մեջ առավելաբար հայտնի է «Վուդրո Վիլսոնի 14 կետերը» անունով (“14 Points of Woodrow Wilson”), սակայն որի պաշտոնական անվանումն է «Ուղերձ Կոնգրեսին, որը հայտարարում է Միացյալ Նահանգների պատերազմի նպատակներն ու խաղաղության պայմանները» (“Address to Congress, Stating the War Aims and Peace Terms of the United States”): Այս ուղերձի մեջ, որը մինչ օրս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է, շարադրված էին ԱՄՆ բարձրագույն իշխանավորի և արտաքին քաղաքականության համար անմիջական պատասխանատուի հայացքները հետպատերազմյան աշխարհակարգի վերաբերյալ:

Սույն փաստաթղթի 12-րդ կետն անմիջականորեն վերաբերում էր հայ ժողովրդի ապագային և ստեղծվելիք Հայաստանի Հանրապետությանը: Այն միանշանակորեն շեշտում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք ազգերի, մասնավորապես հայության, ազատորեն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ուղերձի 12-րդ կետը հայտարարում էր. «Ներկայիս Օսմանյան կայսրության թուրքական մասի համար պետք է հավաստել անվտանգ ինքնիշխանություն, սակայն մյուս ազգերի համար, որոնք ներկայումս գտնվում են թուրքական իշխանության տակ, պետք է ապահովել կյանքի աներկբա անվտանգություն և ինքնավար զարգացման կատարելապես անխափան հնարավորություն, Դարդանելը, որպես ազատ ջրուղի, միջազ-