Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշած, հիմի կարգադրություններ են անում, հրաման տալիս։ Սոլոմոնի տան պատշգամբից մեկը ճառ է ասում ժողովըրդին։ Անտոնն աչքերը սրբում է, որ ճանաչի, ավելի է մոտենում։ Արմենն է։ Անտոնի սիրտը թպրտում է, կարծես ուզում է դուրս թռչի, նա վազում է, բարձրանում վերև, Արմենի ճառն ընդհատում է, գրկում, համբուրում, լալիս... Խալխը շվարած է։ Ո՞վ է խոսողը։ Անտոնի ի՞նչն է... Շատերը զարմացած են, թե ինչո՞ւ է Անտոնը եկել...

— Ա՛ խալխ, սա իմ թոռն ա, իմ թոռն ա, իմ...— Անտոնի ձայնը խեղդում է, արցունքները խեղդում են նրա կոկորդը...

— Ուռա՜,— թնդում է գյուղը։

Արմենը ճառը վերջացնում է. նա առաջարկում է Կուպրին ընտրել Հեղկոմի նախագահ։ Ամենքը ծափահարում են, թեև կան մի քանի «անատամ գելեր», որոնք դժգոհ են, փնթփնթում են՝ «էլ ուրիշ մարդ չգտան, շաշին են մեր գլխին կառավարիչ նշանակում»։

Ցնծագին աղաղակներով ու ծափահարություններով Կուպրին բարձրացնում են և ձեռքից ձեռք տալով թռցնում օդի մեջ։ Կուպրը խախալի գլուխն ընկած խոշոր հատիկի պես պտտում է ամբոխի գլխավերը։ Անտոնն ուրախությունից ճչում է երեխայի պես։

— Ընկերնե՛ր,— գոչում է Կուպրը,— կռիվը հալա չի վերջացել, շարունակվում ա, ով որ սիրում ա խորհուրդային իշխանությունը, թող զենքն առնի ու գնա մեր առաջնորդի, ընկեր Արմենի ետևից։

— Ուռա՜... գնում ենք, գնա՜նք, գնա՜նք...

Արմենը ցած է իջնում, ձի հեծնում։ Նրան հետևում են գրեթե ամենքը, որը ձիով, որը ոտով։

Սա է վերջին կռիվը

Եվ պայքարը մեր մեծ...

Երգում են ռուսերեն մի խումբ կարմիրբանակայիններ։ Զորքը և ժողովուրդը շարժվում է։ Կանայք ու երեխաները բարձրացել են կտրները և ձեռքերը վեր բարձրացրած, բարի ճանապարհի նշան են անում։