Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արարածը կ՚ըներ զիս։ Փոխադարձ համակրությունը, զոր այս մարդը ինծի ցույց կուտար, իր աղջիկեն եկածի պես տպավորություն կ՚ըներ վրաս: Ինքը իր աղջկան հիշատակը կ՚ապրեր. ես ալ։

Անոր մահվանը տարեդարձին՝ երկուքնիս այ մեյ մեկ շքեղ պսակ դրինք գերեզմանին վրա: Գարունը ցնծությամբ կը լեցներ այս սուգի տեղը, ծառերը, ծաղիկները կը խայտային. ու գերեզմանին վերի դին բացվող եղրևանի մը իր կապույտ ծաղիկներու մեհևանդներովը և անոր սիրած գույնովը այդ փոսը կը զարդարեր դեռ։

Վերադարձին հայրը իր տունը հրավիրեց զիս. անհուն երանություն մը զգացի ոտք կոխելով այն տունը ուր ապրած էր Սերաֆիթան։

Այս էր տարօրինակ ու աղվոր անունը այս կնոջ որուն մեռնելեն վերջը մտերիմ եղեր էի ինքնիրենս։

Անկե վերջը միշտ գացի հոն. օրին մեկն ալ հայրը անոր խուցը տարավ զիս։ Անոր աղջիկնության հուսերովը լեցուն սենյակ մը, որ զինքը գրկող, պատող, շրջապատող առարկաներով լեցուն էր. վարագույրները գոց էին միշտ, խորհրդավոր ստվերի մը մեջ պահելով զայն. աջ կողմի անկյունը բռնող թիկնաթոռին մեջ փետուրով լեցված բարձիկը անոր մարմնին թողած գոգը կը պահեր դեռ, թռչունի մը բույնին պես՝ ու քովի մահոնե նրբակերտ սեղանին վրա՝ Պուռժեի, Մոփասանի մեկ երկու հատորները, քառորդ ժամվան մը համար միայն կարծես դուրս ելած էր այս սենյակին տիրուհին, և քիչ մը վերջը պիտի դառնար հոս իմ քովս, իր կապույտ արդուզարդովը, վազելով, արտորալով ինչպես իր սովորությունն էր, կարմրած քրտնած ու համբույրով մը ներողություն խնդրելով զիս սպասցնելուն համար։

Սովորաբար նարտ խադալու կու գայի անոր հորը հետ և ականչես Սերաֆիթան, ինձմե ուրիշին աննշմարելի, դեպի ինծի ծռած, գողտը ու դողդոջուն ցողունի մը ծռելուն պես, կամաց մը շնորհակալություն կը հայտներ իր հեք հորը մասին քուցուցած խնամքներուս համար։