Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չճանչնալուն մեջ կը կայանար այս մարդուն պատվավորությունը. երես չտվին ու ծուռ նայեցան այդ շատզրուցին:

Կը հիշեմ հետս դատը որ ծագեցավ այս մարդուն մահվնեն վերջը:

Սոֆիկ հանըմ իր սուգը պահեց, բայց զավակներուն իրավունքները պահպանելու մեջ չթերացավ, նախ Թաղական Խորհուրդին, հետո Պատրիարքարան դնաց, իր զավակներուն ի՞նչ ըլլալիքը հարցուց. ամեն տեղ իր լրբությանը վրա զարմացան. ի՞նչպես ս. պսակը չտեսնող կին մը՝ ամուսնական և մայրական իրավունքներու թեկնածու կ՚ըլլա. վռնտեցին զինքը. ճարը հատած այս մայրը Նեկտար հանըմին լուր ղրկեց. անոր եղբայրը իր զավակներուն հայրն էր ու մեծ հարստություն մը ձգած էր. այդ զավակներուն համար օգնություն մը ուզեց։

Նեկտար հանրմ խոսքը ուրիշեն փոխ չէր առներ, պատասխան տվավ որ անոր փիճերը նայելու պարտք չուներ, այն ատեն Սոֆիկ հանըմ դատարան դիմելու ելավ։ Ժողովները ու դիվանները իրար անցան իսկույն, պահպանելու համար ամուսնության նվիրականությունը որ վտանգի տակ ինկած կ՚երևար իրենց աչքերուն։

Բայց արդարությունը այս կնոջական վայնասուններուն առջև տեղի չտվավ։

Դիպվածով ներկա գտնվեցա Մեծ Չարշիի դուռը, երբ Շերիի պաշտոնյաներ հանգուցյալին սենյակը կը կնքեին, իրիկվան ուշ ատեն էր ու մութը կ՚իջներ տակավ, քարակոփ կամարներուն տակ կը թանձրանար. խույումճիները եկեր հավաքվեր էին այնտեղ:

Նեկտար հանըմը իմացեր, վազեր հասեր էր հոն՝ լեզու ու բերան կտրած, բոլոր էսնաֆությունը իր ավանդական մոլոր վարդապետություններովը, կեղծիքով ու շահով շինված բարոյականովը, այս պառված աղջիկով կը ներկայանար, հայերեն-տաճկերեն խառն ի խուռն հիշոցներով լեցուն լեզվագրությամբը: Կը խոսեր ան, պաշտոնյաները համոզել կը ջանար. ու անոնց անկարեկիր ու անտարբեր դեմքեն չկրնալով