Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինծի պատահածները հարկավ գիտես, շարունակեց անիկա, ատեն չկա որ երկար բարակ պատմեմ քեզի զանոնք: Էմման էրկրնեն զատվեցավ, այր ու կնոջ մեջ փոխադարձ հոժարության գործ մը եղավ ասիկա, իրենց ամուսնության պես. իրենց շահերը, իրավունքները, ամեն ինչ ճշտած, որոշած են. զավկըները իրենց հորը քով կը մնան ու մայրը իրավունք ունի ուզած օրը զանոնք տեսնելու առանձին։ Դատարան մը ասկե աղեկ չպիտի վճռեր։

Ուրեմն իմ բաղձանքիս լրումին մեջն եմ հիմա. ասո՞ր համար արդյոք աշխարհիս ամենեն ապերջանիկ մարդն եմ: Ի՞նչ տարօրինակ սեր է իմինս որուն վայելքը զրկանքին չափ կը տառապեցնե:

Ահավասիկ բոլոր խնդիրը։

Էմման իմս է, իմս բոլորովին, բայց զայն կորսնցնելու վախն է որ ամեն վայրկյան կը պաշարե զիս։

Եթե օր մր ձգե զիս երթա՜, աստվա՜ծ իմ։ Այս ահուդողին մեջ ո՛չ գիշեր, ո՛չ ցերեկ ունիմ ես. քաջառողջ մարդիկ կան որոնք թոքախտ ըլլալու սարսափով իրենց կյանքը կը դառնացնեն, ես անոնցմե՞ եմ արդյոք, թե ոչ նախազգացումը, մերձավոր կորուստին նախազգացումն է որ զիս կը խռովե։ Ճշմարտության ասիկա ավելի մոտ է. երջանկություն, այնքա՜ն մեծ է, այնքա՜ն անհավատալի, որ վայրկյաններ կան ուր անոր ստուգության վրա կը սկսիմ տարակուսիլ, քնաշրջիկի մը պես կ՚անցնիմ կյանքին մեջեն, երազաշեն աշխարհի մը շրջանը ընելով, որչա՜փ օրվան մեջ... և ե՞րբ պիտի ըլլա զարթնումը։

Տեսնելով իմ անհամբերությունս այս անկապ ու անհարիր խոսքերուն դեմ,

— Երջանկութենե երես առած մեկը չեմ, ավելցուց բարեկամս, մեկը անոնցմե որոնք իրենց եզական բախտավորությունը ուրիշի մը վկայությամբը հաստատելու հաճույքին համար՝ անոր կը պատմեն զայն՝ հատկապես խել մը դժգոհանքի պատճառներու մեջ պարուրելով։

Ո՛չ. ես իրական անձկության մը մատնված եմ, վախի մեջ թե ուրիշ մը Էմման ձեռքես պիտի հափշտակե։ Ո՞վ է

15 Գրիգոր Զոհրապ