Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինծի ըսավ որ սենյակդ ես ու եկա քեզ գտա. մորմես բնավ մի՛ վախնար։

Ետ ետ երթալով կինը պատին կռթնած էր ալ զինքը գրկող պողպատե բազուկներուն մեջ անշարժ մնացած, հոս՝ դիմադրության ուժը կը պակսեր, գլուխը պատին դարձուցած ըլլալով, իր պարանոցին վրա կ՚զգար համբույրներու կիզումը, ու Տիգրանուհին, անձնատուր ըլլալու մոտ ու անձնատուր ըլլալե առաջ, իր արդարացումը կը փնտրեր հիմա, մտածելով որ ձեռք են եկածը ըրեր էր ինքզինքը պաշտպանելու համար. ու հանցանքը իրը չէր՝ եթե չէր հաջողեր։ Անձնասպաններ կան որոնք վերջին պահուն զղջալով հանդերձ, չեն կրնար իրենց որոշումեն ետ կենալ և տող մը գիրով իրենց մահը կը բացատրեն, կ՚արդարացնեն. Տիգրանուհիին ըրածն ալ ատ էր:

Դ.

Երկու տարի տևեց այս կյանքը. ուզված աղախինն էր անիկա որ էֆենտիին տղան Փերա, գեշ տեղվանք երթալեն վազ բերած էր: Սուրբիկ հանըմ հարսի մը պես հիմա կը հագվեցներ զայն, ու եկողին գացողին անոր գովեստը ընելե չէր դադրեր:

Օրին մեկը, սակայն, Տիգրանուհին հիվանդացավ, գլուխը կը դառնար, սիրտը կը խառնվեր, այս անհանգստությունը շարունակեց քանի մը օր, բայց սպասուհին վախեն բան մը չըսավ, բերանը լրացավ մեկու մը. քիչ մը ատեն անցավ ու ծոցվորության նշանները երթալով շեշտվեցան։ Տիգրանուհին շվարած էր, ինչ ըսելիքը, ինչ ընելիքը չէր գիտեր:

Մյուս ծառաները կ՚սկսեին քիթերնուն տակեն խնդալ, կատակներ ընել, չարչարել զինքը: Այդ միջոցին երիտասարդ էֆենտին իր մոտը չէր գար, ու տան մեջ երեսը չէր նայեր: Հանկարծ օր մըն ալ Սուրբիկ հանըմ զինքը ուշադրությամբ դիտեց, նայվածքով մը որ կրակե պատմուճանի մը պես սպասուհիին գլխեն մինչև ոտքը շրջապատեց։

— Մո՛տ եկու, Տիգրանուհի, ըսավ անոր բիրտ ձայնով մը։ Եվ տեսնելով անոր վարանիլը.