Համոզելով, քաղցրությամբ, ցավակից բարեկամի մը պես խոսեցավ այս մարդոց, ու ամենքը խմբագրական գործերը թողած մեջտեղ գրին զիրենք հալածող ձախորդություննին, և ի դերե ելլող հույսերնուն բոլոր դառնությունը. խմբագիր ու գրաշար չի կար ալ. չքավորությունը ամենքը կը միացներ, կը հավասարեցներ այս պահուս։
Ատոմ մտերմացած՝ խմբագրին տան վիճակը հարցուց և Գասպար էֆենտի չի կրցավ իր զավկին հիվանդությունը պահել անոնցմե։ Հիվանդության վրա ամենքը ցավեցան, դարմանող բժիշկը հարցուցին և խմբագիրը դեռ բժիշկ չի կրնալ կանչելը խոստովանեցավ։ Հետո իր խոստումը ի գործ գնելով այս անգամ դողդոջուն ձեռքով մը գործավորներուն երկնցուց գրպանին խորեն հանելով ծալլած ընկալագրերը։ Հիմա գրաշարները կը զղջային այսքան նեղելնուն իրենց խմբագիրը ու իրենց երկրնցող քառածալ փոքրիկ թղթերը զիրենք կամչցներ։
— Չենք ուզեր, Գասպար էֆենտի, դուք առեք։
— Չէ, չէ՛, դուք ալ շատ նեղն եք։
Եվ այս մթին ու անծանոթ խորշին, այս թշվառության անկյունին մեջ պայքար մը տեղի ունեցավ. մին՝ բռնանալով տալու համար և մյուսները համառելով իրենց մերժմանը վրա. այն ատեն այս խմբագիրը՝ սովորաբար պոռոտախոս ու ցույցի համար ապրող մարդը, այս անհոգ ու անզգա մուրացիկը, այս գերազանցապես անտարբեր մարդը փղձկեցավ և արցունքի կաթիլ մը թրջեց ձեռքը մնացող ընկալագրերը։
Ջուր բերին, քաջալերեցին զինքը.
— Առջի երեսին համար անցյալ օր շրջանավարտ դպրոցական մը ութը սյունակ հոդված մը բերած էր հրատարակության. այն հոդվածը կը շարենք, ներքինները Օրագիրեն կառնենք. թերթոնը տպված է արդեն, հազիվ հիսուն տող կը պակսի, ան ալ Արամյան օրացույցին օգտակար խրատներ կառնենք, կամբողջացնենք:
Կը դյուրացնեին գրաշարները թերթին աշխատությունը, սեսնելով իրենց տնօրենին անձկությունը, անոր աղեկ օրերը վայելած էին ու նեղության պիտի համբերեին անշուշտ, վատություն չէին կրնար ընեչ. և խմբագրեն գաղտնի, իրենց մեջ.