Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀՍԿՈՒՄ
Քակե մազիդ խուրձը ոսկի օձերու
Որ պլլվին պարանոցիդ ձյուն եղեն.
Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն
Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու։
Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե դուն
Սև մետաքսե գուլպաներըդ պահելով.
Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվըդով.
Ես ըսպասեմ այսահարի պես արթուն։
Կեցի՛ր այդպես որ իմ հոգվույս մեջ տըպեմ
Ցայտքը, էջքը, թավալումը գիծերուդ,
Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ,
Ինքզինքըս անով խաբեմ խարխըրեմ։
<1908>
|
|