Ավելի՞ քիչ ատենի, նվազ անգտանելի վարպետներու, և պակա՞ս ծախքի կը կարոտի միթե։
Մեր ըմբռնումովը,— որ կրնա Ուսումնական Խորհրդինը չըլլալ, բայց չի դադրիր բոլոր լուսավորյալ աշխարհին ըմբռնումը մնալե, — ուսուցչությունը ոևէ մասնագիտութենե ավելի բան մըն է, ինքնիրմեն դուրս ընդհանուր զարգացումի մը կարոտ ասպարեզ է։
Ոչ միայն սորվելու բան մըն է ան, այլ նաև զարգացումի հատուկ մթնոլորտի մը, բարոյական ու իմացական մասնավոր միջավայրի մը անհրաժեշտ ենթական։
Այնպես որ, եթե նույնիսկ իբրև մասնագիտություն մը զայն հոս ձեռք բերել կարելի իսկ ըլլար, — ինչ որ բացարձակ կերպով անհնար է, քանի որ ամեն բանե առաջ Վարժապետանոցի համար կարող ուսուցիչ չունինք — ես դարձյալ պիտի պահանջեի որ մեկդի ձգենք այդ գաղափարը վասնզի մեր մեջ պետք եղած իմացական մթնոլորտն ալ կը պակսի կարծեմ։
Եվ ուրկե կը հետևի թե ավելի հեշտ ու հնարավոր է մեզի համար այստեղ Բժշկական կամ Երկրաչափական դպրոց մը հիմնել քան թե Վարժապետանոց մը։
⁂
Տեսնե՛նք, արտորնոք տրված որոշումներու, անհաշիվ առուտուրներու վերջ տանք, ուրիշ տեղ մը ըսի որ նոր շրջանի մը սկիզբն ենք ու ջանանք նոր մարդերու պես շարժիչ, մոռնանք, աստուծո սիրուն, առաջուց ի վեր հեղհեղված հանկերգները որոնք այս ժամանակինր չեն. թողունք որ անոնք Պատրիարքարանի արձանագրությանց մեջ մնան, իբրև իրենց ատենին նշանակները։
Մի՛ ըսեք ինծի որ ձեր ծրագրած Վարժապետանոցը՝ այն չէ ինչ որ ես, և հարկավ դուք ալ, կը փափագինք, այլ նախապատրաստական ուսուցիչներ հասցնելիք համեստուկ դպրոց մը. այս սահմանափակումները չեմ հասկնար. վարժապետությունը՝