Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են եկեղեցական գրականությանը և մտավոր հոսանքներին այն ժամանակ, երբ բորբոքված էր դավանաբանական մեծ վեճը. շատ բան թարգմանում են և վերադարձին հետները բերում են ձեռագիրներ նույն թարգմանական գործը Հայաստանում շարունակելու համար։ «Այնտեղ միասին հոգևոր պիտույքի խնդիրը վերջացնելուց հետո»,— գրում է Կորյունը,— վերադառնում են՝ բերելով իրենց հետ Ս. Գրքի «հաստատուն օրինակներ և շատ շնորհագիր հայրերի ավանդություններ» և Նիկիայի ու Եփեսոսի ժողովների կանոնները։ Ըստ այսմ նրանք վերադառնում են Եփեսոսի ժողովից, ուրեմն 431 թվից հետո։ Մաշտոցն ինքն էլ Արևմուտքում, հունական կողմերում եղած ժամանակ «բազում շնորհագիր մատեանս զհարցն եկեղեցւոյ ստացեալ», անշուշտ հունական։

Այնուհետև, ասում է Կորյունը, Սահակը «հանդերձ Եզնակաւ՝ զյառաջագոյն, զյանկարծագիւտ, զփութանակի զթարգմանութիւնս հաստատէր ճշմարիտ օրինակօք բերելովք, և շատ ևս մեկնութիւն գրոց թարգմանէին»,— առաջվա հանկարծակագյուտ (պատահաբար գտած) փութանակի թարգմանությունները Եզնակի հետ միասին հաստատեց բերված ստույգ օրինակներով, և շատ էլ Ս. Գրքի մեկնություն թարգմանեցին։ Կնշանակի՝ Աստվածաշնշի թարգմանությունը սկզբում կատարված է եղել շտապ կերպով, պատահաբար գտած օրինակից, և հետո այդ առաջվա թարգմանությունը հունարենի ստույգ օրինակների հետ համեմատելով՝ ուղղել և հաստատել են։ Թե ո՛ր լեզվից է եղել առաջվա թարգմանությունը, այդ մասին այստեղ էլ չի հիշում Կորյունը։ Ընդունում են, թե դա թարգմանված է եղել ասորերենից։ Ս. Գրքի հայերեն ձեռագիրների ուսումնասիրությունից էլ երևում է, որ առաջին թարգմանությունն իսկապես կատարվել է ասորերենից։ Մ. Խորենացին էլ ասում է, թե Սահակն այդ թարգմանել է ասորերենից «յոչ լինելոյ յունի» (Գ. 54)։

2. Ս. Գրքի ազդեցությունը։— Այն, ինչ որ օտար լեզուներով հնարավոր չէր անել, շատ հեշտությամբ գլուխ է գալիս հասկանալի հայերեն լեզվով և Մաշտոցի ու Սահակի պատրաստած բազմաթիվ աշակերտների ձեռով, որոնց ուղարկել էին Հայաստանի զանազան կողմերը ուսուցանելու, հայերեն գրել-կարդալ, իսկապես Ս. Գիրք սովորեցնելու հայերեն լեզվով։ Թարգմանության շնորհիվ մարդիկ արագ ծանոթանում էին այդ գրքի բազմազան բովանդակությանը, որի նմանը չկար հայ ավանդական բանահյուսության մեջ։ «Երկիր որ համբաւուցն անգամ օտար էր կողմանցն այնոցիկ, յորում ամենայն աստուածագործ սքանչելագործութիւնքն գործեցան, առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր»,— մի երկիր, որ անունն անգամ չէր լսել այն կողմերի, ուր բոլոր աստվածային սքանչելի գործերը կատարվեցին, շատ շուտով, իսկույն իմացավ բոլոր եղած բաները. ոչ միայն ժամանակով կատարվածները, այլև աշխարհարարումից առաջ եղածը, դրանից հետո եղած բաները, աշխարհի սկիզբն ու վերջն ըստ Աստվածաշնչի։

Մի երեսուն-քառասուն տարվա ընթացքում թարգմանական գրականության