Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զայրն աստուծոյ և ա՛ծ զնա յեկեղեցիդ, զի լսելի եղեն աղօթք նորա առաջի տեառն և իբրև զհոտ անոյշ բուրեաց առաջի աստուծոյ ճգնութիւն նորա»: Քահանան չի կարողանում գտնել սրբին։ Տեսիլը կրկնվում է, և վերջապես այդ ճգնավորին մտցնում են եկեղեցին ներս։ Քիչ հետո այդ կամավոր աղքատը մտածում է, որ մարդիկ քահանայի տեսլի պատճառով պիտի ժողովվեն իր մոտ, և ինքն այլևս ազատ չի մնալու՝ անխափան աղոթելու համար, ուստի նա իսկույն հեռանում է Ուռհայից, գնում է ծովեզրը՝ նավով Տարսոն գնալու։ Հողմը նավը հանում է Հռոմ: Նա գնում է իր հայրական պալատի դուռն իբրև աղքատ, հայրն ընդունում է նրան և թույլ է տալիս նրան իր դռանն ապրել և նույնիսկ ծառաներից մեկին հանձնարարում է հոգալ նրա մասին։ Տասնուհինգ տարի էլ մնում է նա այնտեղ մի խավար տեղում՝ իր հոր դռանը։ Ոչ ոք չի ճանաչում նրան։ Ծառաները ծաղրում են նրան, փետում են նրա միրուքը, բայց նա համբերությամբ տանում է այդ՝ համարելով սատանայական որոգայթ։ Տասնուհինգ տարին որ լրանում է, նա «կաղամար և քարտէզ» է ուզում իրեն պահող ծառայից և մի բան գրում։ Այդ ժամանակ կիրակի օրը պատարագի ժամանակ երկնքից ձայն է լսվում, թե «Յետ երից աւուրց ընկալայց զսուրբն աստուծոյ առ իս, քանզի յոյժ ճգնեցաւ վասն անուան իմոյ. բայց դուք երթայք առ նա և ընկալջիք օրհնութիւն ի նմանէ, և օրհնեսցէ զքաղաքս ձեր»: Պատրիարքը երեք օր պահք պահել է կարգադրում, ապա նույն երկնային ձայնից իմանում են, որ սուրբը Ոփոմիանոսի (Եփիմիանոսի) տանն է: Հարց ու փորձ անելուց և որոնելուց հետո՝ իմանում են, թե ով է այդ «աստվածապաշտ և առաքինի մարդը»։ Գնում են «տառապյալի» տեղը և երբ ներս են մտնում, աստուծու սրբին վախճանված են գտնում։ Եկեղեցուց գալիս են պատրիարքը, իշխաններն ու բազմությունը սաղմոսներով ու վառած ջահերով, ներս են մտնում և տեսնում են, որ սուրբը «ունէր ի ձեռինն իւր հրովարտակ»։ Պատրիարքը ձեռքը մեկնում է, որ սրբի ձեռից առնի թուղթը, բայց չի կարողանում։ Այն ժամանակ ասում է սրբին. «Տացես ինձ զհրովարտակդ, զի կարդացից բազմութեան քաղաքիս Հռոմայ»։ Այդ որ ասում է, սրբի ձեռքը բացվում է և թուղթը տալիս է պատրիարքին։ Սարկավագը մի բարձր տեղից կարդում է բազմության առաջ։ Ալեքսիանոսը գրության մեջ մանրամասն հայտնել էր իր ով լինելը և իր կյանքը։ Բոլոր բազմությունը լաց է լինում։ Հայրն էլ երեսի վրա ընկած՝ լալիս է դառնապես և ասում. «Զի՞նչ գործեցեր, որդեա՛կ իմ, դու էիր յոյս անձին իմոյ և լոյս աչաց իմոց, և տեղի մեծութեան իմոյ ի քեզ հաստատեալ էր. ընդէ՞ր ոչ խանդաղատէր սիրտ քո յելս և ի մուտս իմ, և ընդէ՞ր ոչ ասէիր ինձ զքէնէն, և զիա՞րդ ընդունէիր զնախատինս ի ծառայից քոց»։ Մայրն էլ երբ իր բանտում լսում է լուրը, բաց է անում դուռը, որ փակել էր որդու հարսանքի առագաստից գնալուց ի վեր, դուրս է գալիս և ասում ամբոխին. «Ճանապարհ արարէք ինձ, զի անցեալ տեսից զփափագելի ճրագն իմ, որ լուցեալ էր և արդ խավարեալ գտանի։ Թողէք, զի տեսից զաստղն