Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքիր է նաև հետևյալ ընդարձակ համեմատությունը. «Որ զդարբնութիւնն ուսեալ կամ զոսկերչութիւնն կամ զայլ արուեստս՝ ի մտի ունի զհանգամանս իրացն և սկահուցն զկազմս, և խոկայ միշտ, զի կարասցէ գեղեցկագոյն յօրինել զէնս կամ զարդս կամ այլ ինչ գործուածս՝ որ ըստ աշխարհիս է իմանալ։ Նոյնպէս և բժիշկք որ երակօքն իմանան զցաւս և դեղովքն զառողջութիւն շնորհեն ի շնորհացն աստուծոյ։ Այլ և հանդերձարարք և շինողք և հողագործք և խորտկարարք, և որ այլ ևս, արուեստք ի պէտս մարդկան բնաւորեցան, ո՞չ ապաքէն յաստուծոյ շնորհացն ունին զմտառութիւն, որ գովութեան և պատուի արժանի են և վարձուց, որք առնուն։ Իսկ որք ծուլութեամբ և արհամարհանօք յանցանեն ըստ հնարագիտութեան արուեստիցն, անպիտանս առնեն. ապա և զուշն ի յիշատակաց արուեստիցն աստանդեցուցանեն ի ծուլութենէն և տգեղութիւն և խանգարումն երևութանայ, որպէս անհանճարից. և արուեստքն անկանին ի հնարագիտութենէ իմաստից և գործն անարգի և անպիտան լինի, և արուեստագէտքն անգոսնին և ամոթալից լինին, և անկանին ի տոյժս, ի տուգանս և ի տանջանս՝ անարգեալք յամենայնէ,— սոյնպես և կարգ քրիստոնէութեան և աստուածպաշտութեան է զգուշալի. զի ամենայն իմաստութեամբ և հնարագիտութեամբ ուղղեսցէ զբարսն և զզգայարանսն ի լաւագոյնսն վարդապետութեամբ հոգևոր օրինացն և ըստ հաճոյից բարերար կամաց արարչին։ Զտիւ և զգիշեր ի կամս տեառն խորհել…»:— Եվ այնուհետև շատ երկար ճառում է, թե ինչպես պետք է վարվի բարեպաշտ քրիստոնյան (Ե. 48 և հտն.)։

Բերենք և հետևյալ կտորը, որի մեջ թանձրացած ձևով բացատրվում է միջնադարյան քրիստոնեական հայացքը մարմնի և հոգու հարաբերության մասին։ «Պահք զծածկեալ հիւանդութիւնս որ ի մարմնին արտաքս հանէ. որպէս դեղ մաղձոյ՝ որ ընդ ճաշակելն իւրում զմաղձն արտաքս փոխէ և զառողջութիւն տայ, սոյնպէս և զմեղսն՝ պահք. զի ի նուազել կերակրոց և մարմինն հանդարտանայ և սրբի: Զի զմարմնոյ զհետ երթեալ՝ կորուստ անձին ստանայ. իսկ զհոգւոյ՝ զկեանսն յաւիտենականս ի տէր։ Պահք զօրացուցիչ են հոգևոր վարուց և խափանիչ մարմնական շարժմանց. զի ի զօրանալ միոյն՝ միւսն տկարանայ։ Զի որպէս գիշակեր թռչունք տկարանան ի թռչել յանխնայ ուտելոյն և դիւրաւ ըմբռնին յորսողաց ի մահ, իսկ սակաւակերքն երագաթռիչք են և անըմբռնելիք յորոգայթադիր որսողաց, սոյնպէս է իմանալ զորկորամոլսն և զպարկեշտսն ի պահս սուրբ»։ (Թ. 96 և հտն.)։

Մեսրոպ Մաշտոցի անունով մնում են և որոշ թվով հոգևոր երգեր, որոնց մասին կխոսվի հետո։

Ե Զ Ն Ի Կ Կ Ո Ղ Բ Ա Ց Ի
ԵՎ ՄԻԶՆԱԴԱՐՅԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ

1. Կյանքը։— Եզնիկ Կողբացու կենսագրության մասին շատ սակավ տեղեկություն ունենք։ Կորյունը պատմում է, թե երբ Մաշտոցը