Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծագման խնդրի նկատմամբ, բաժանում է երեք խմբի։ Առաջին տեղը դնում է նա հունական փիլիսոփաներին։ «Բայց թէպէտ և պէսպէս զինուք վառեցաւ թշնամին ճշմարտութեան, Յունաց իմաստնոցն կարծեցուցանելով՝ թէ նիւթ ինչ միշտ առընթեբակաց կայր Աստուծոյ, ուստի զարարածսն արար։ Եւ քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է, վասն այնորիկ զչարեաց սկիզբն անտի կարծեցին» (էջ 77)։ Նրանք կարծում են, թե «էր ինչ ընդ նմա [աստուծոյ], որում հիւղն անուն էր՝ որ է նիւթ, ուստի զամենայն արարածս արար… որ ինչ մրրախառն էր ի նմանէ, և չէր պատշաճ արարչութեան, զայն եթող, և յայնմ մրրոյ են չարիք մարդկան» (էջ 16)։ Ուրեմն աշխարհը ոչնչից չի ստեղծված, այլ նյութից, որ և չարի պատճառն է։

Որ նա փիլիսոփաների կարծիքները, որ անվանում է «աղանդք փիլիսոփայից» կամ «կրոնք փիլիսոփայից», առաջին տեղում է դնում և ամենից առաջ զբաղվում է ճառելով ընդդեմ նրանց, այդ ցույց է տալիս, որ նրանց տեսությունները մեծ վտանգ են ներկայացրել խոհուն մտքերի համար Հայաստանում։ Քրիստոնեության առաջին դարերում հունա-հռոմեական աշխարհում առաջ էր եկել ձգտում հեթանոսական բազմաստվածյան կրոնն ազնվացնելու և բարձրացնելու. քարոզվում էր նույնիսկ մի բարի բարձրագույն աստվածություն, մինչև անգամ միաստվածություն, ամեն բանի ստեղծող և կառավարող։ «Դնեն և նոքա [Յունաց իմաստունքն] մի ինչ ինքնակաց պատճառ ամենայնի, որոյ ոչ յումեքէ եղեալ, այլ ինքն անձամբ ինքնակաց առաջին գտեալ» (էջ 141)։ Քրիստոնյա ջատագովներն ինչքան էլ այս փիլիսոփայական միաստվածության մեջ տեսնում էին որոշ ճշմարտություններ, բայց և այնպես նրանք եկեղեցու սկզբունքները պաշտպանում էին նաև այս փիլիսոփայական ուսմունքների դեմ, որովհետև նրանց մեջ տեսնում էին երբեմն նաև բազմաստվածության խառնուրդներ, քանի որ կային «բազում կրօնք փիլիսոփայից» զանազան ուսմունքներով (էջ 142)։ Ուստի Եզնիկը գրում է նրանց մասին. «Խնդրելն զաստուած գովութեան արժանի էր. և ոչ զմին և եթ՝ այլ զբազումս մուծանել, անհնարին ամպարշտութիւն է» (էջ 141, 145)։

Այդ տեսությունների վրա առաջ էին գալիս քրիստոնեական աղանդները, որոնք Եզնիկի որով խռովահույզ դրության մեջ էին դնում աշխարհը, և որոնց քարոզիչներն իրենց գրքերով մտնում էին և Հայաստան, կամ հայ երիտասարդևերը գնալով հունական և ասորական ուսման կենտրոններն ուսանելու կամ թարգմանություններ անելու, ծանոթանում էին փիլիսոփաների ուսմանը։ Բնականաբար մեր հեղինակն էլ հարկ էր տեսնում գրել այդ «փիլիսոփայական կրոնների» կամ «աղանդների» դեմ։ («Կրօնք փիլիսոփայից». էջ 143, «աղանդքն՝ որ ի նոցանէ առին պատճառս զհիւղեայն աստուածացուցանել». էջ 164, նաև 158 և հտն.)։

Եզնիկի գրվածքն այդ մասին քաղագրությամբ է։ Նա օգտվել է, երբեմն բառացի, հունական աղբյուրներից, հատկապես պիթագորյան, պերիպատիկյան, պղատոնյան, ստոյիկյան և էպիկուրյան ուսմունքների