Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցիները, որոնք կազմակերպված էին քրիստոնեական եկեղեցու օրինակով, Արևմուտքից, Հռոմից, դուրս էին քշվել, բայց երկար ժամանակ իրենց գոյությունը պահել էին Արևելքում։ Այդ «գնոստիկյանների վերջին մնացորդները սերտ հարաբերության մեջ են մտնում Մանիքեցիների հետ»[1], որոնց աղանդի հիմնադիրն է եղել Մանի պարսիկը։ Մարկիոնյան աղանդը Եզնիկի օրով դեռ զորեղ է եղել Արևելքում և, անշուշտ, ազդեցություն է ունեցել նաև հայերի վրա, քանի որ Եզնիկն իր Հակաճառության նյութ դարձնում է և այդ։ Գնոստիկյան վարդապետության մեջ առաջ էր եկել դուալիստական ուսումը՝ չարի և բարու ծագման մասին։ Մարկիոնը զարգացնելով այդ՝ դնում է, ըստ Եզնիկի, երեք էություն (առաջք), սկզբունք. ա) բարին— մի օտար, գերագույն և անտեսանելի էություն. բ) արդարը— մի գերագույն, բայց տեսանելի էություն. և գ) չարը— հյուղն երկրում իբրև մի իգական սկզբունք։ Ուրեմն երեք արմատ՝ բարու, արդարի և չարի։ Այդ ուսումն էլ հակառակ էր եկեղեցու դավանած սկզբունքին, և Եզնիկն այդ էլ հերքում է մանրամասն։ Այդ առթիվ նրա տված տեղեկություններն էլ մասամբ ծառայում են Մարկիոնի աղանդի մասին իբրև ուսումնասիրության աղբյուր։

7. Մեկ էություն.— Ընդդեմ տարրապաշտության։— Եզնիկի առաջնակարգ խնդիրներից մեկն է մերժել նաև տարրապաշտությունը և տեղը դնել մի աներևույթ զորության—մեկ էության պաշտամունքը։ Աշխարհս,— ասում է նա,— կազմված է չորս տարրներից («չորեքին բնութիւնք»)—հուր, օդ, ջուր, հող (Բ. 8 և հտն.), կամ «Ի չորից հիւթոցն յօդեալ են՝ յերկրէ և ի ջրոյ, յօդոյ և ի հրոյ… ամենայն մարմնաւորք… Զի այնպէս կազմեաց Աստուած զաշխարհ՝ նախ զչորս հիւթսն մեկնեալս արարեալ, ապա նոքօք յօդեաց զամենայն» (էջ 153 և հտն.)[2]։

Աշխարհի տարրերը շարժվում և փոփոխվում են։ Շարժվում են և՛ արեգակը, և՛ լուսինը, և՛ բոլոր արարածները, ամեն մեկն ըստ իր բնության։ «Որ շարժին և փոփոխի՝ չէ էական, այլ կամ լեալ յումեքէ և յիմեքէ, և կամ հաստեալ ի չգոյէ» (էջ 9)։ Չորս տարրերն, ուրեմն, էական չեն։ Բայց դրանք իրար խառնվելովը, իրենց շարժվելովն ու փոփոխվելովը՝ ցույց են տալիս, թե «է՛ ոմն, որ փոփոխէ զնոսա», «և որ էն և շարժէ զամենայն, ինքն ոչ շարժի և ոչ փոփոխի, քանզի էական է և անշարժական է» (էջ 9)։ Առողջ միտք ունեցողները՝ շարժուններն ու փոփոխելիները չպիտի պաշտեն,—ասում է Եզնիկը,— այլ «շարժիչն ու փոփոխիչը», որ է էականը, էությունը, գոյը: Ապա՝ որ էությունը մշտնջենական է և «պատճառ ամենեցուն լինելոյ», այդ ընդունում են և ընդդիմակները,— ասում է նա. «մի է պատճառ ամենեցուն, և նոյն էական և

  1. Երվանդ Տեր–Մինասյանց, Ընդհանուր եկեղեցական պատմթյուն, հատ. առաջին, Էջմիածին, 1908, էջ 78 և հտն.։
  2. Հմմտ. «Յաճախապատում»՝ «Ի չորից նիւթոց արար զարարածս՝ յերկնէ և յերկրէ և ի ջրոյ և յօդոյ զկեանս ամենեցուն յօրինեաց» (ԺԴ. 174)։