Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի ուրիշ օրինակ։ — Եթե հյուղը, որից աստված աշխարհս ստեղծել է, ասում եք՝ «անկերպարան և անզարդ և անարդ էր», և աստված դրանից ստեղծել է աշխարհը «ի պէսպէս կերպարանս և ի զարդս և ի յարդս,— ապա ուրեմն կերպարանաց և զարդուց և արդուց արարիչ է Աստուած, և ոչ բնութեանց [= տարրերի]։ Իսկ եթէ արարչի այն գործ է՝ զբնութիւնս առնել, և ոչ միայն արդս և զարդս և կերպարանս, յայտ է եթէ աւելորդ է կարծել՝ թէ ի նիւթոյ ինչ իմեքէ յընթերակացէ արար Աստուած զաշխարհս, այլ յոչընչէ և ի չգոյէ» (էջ 19)։ Որովհետև մարդիկ էլ ստեղծում են ձև ու կերպարանք, որ չգո են, այն է՝ եղած նյութերից արվեստով ստեղծում են բաներ, որ չկան բնության մեջ, ինչպես տաճարներ, քաղաքներ։ Մարդիկ միայն չգո ձև ու կերպարանք են ստեղծում, իսկ աստված արարիչ է, ուստի նա թե՛ դրանց ստեղծող է և թե՛ կարող է ստեղծել տարրերը (էջ 20):

Եզնիկը միևնույն եղանակով ամենայն մանրամասնություններով հերքում է և զրադաշտական կրոնի հավատալիքները, իսկապես այդ կրոնի առասպելները, և հակասություններ ու անհեթեթություններ ցույց տալով՝ ծիծաղելի է դարձնում դրանք իբրև անմտությամբ լի բաջաղանքներ և կարկատան բաներ։ Նույնն անում է նա և Մարկիոնի աղանդի նկատմամբ, միայն այս դեպքում նա դիմում է և Ս. Գրքին։

10. Պայքար ընդդեմ հայկական ժողովրդական հավատալիքների:— Քրիստոնեության հաստատման համար անհրաժեշտ էր ժողովրդի միջից արմատախիլ անել նաև հեթանոսական կրոնական հավատալիքները։ Եզնիկը կարիք չի տեսնում առանձնապես հերքելու հայկական բազմաստվածությունը. այդ հերքումը նա կատարում է ընդհանրապես, երբ խոսում է ընդդիմակաց ուսմունքների դեմ։ Աստվածների մասին նա այն տեսակետն ունի, ինչ որ առհասարակ քրիստոնյա վարդապետները, այն է, թե՝ աստվածները եղել են մարդիկ, «և զմարդկան ուրուականս ի պաշտօն առեալ դիս անուանէին» (էջ 70)։

Բացի աստվածներից՝ եղել է և բազմաթիվ բարի ու չար դեմոնների հավատքը, ոը շատ եըկար հարատևել է և մեծ մասամբ հասել է մինչև մեր օրերը։ Եզնիկը սուր կերպով դիտում է այդ և իր ոչնչացնող խոսքն է ասում սնոտիապաշտական ոգիների մասին, ինչպես են՝ մարմնավոր դև, պայ, համբարու, յուշկապարիկ, պարիկ, ծովացուլ, առլեզ, նհանգ, շահապետ վայրաց, վիշապ։ Սրանցից առանձնապես վիշապները շատ մեծ տեղ են բռնել հայկական հավատալիքների մեջ և՛ հնումն, և՛ նորումս[1]։ Դրանք,— ասում է Եզնիկը,— «ոչ եթէ անձինք ինչ են, այլ անուանք զբանգտանաց, և բաջաղանք մոլորելոց մտաց ի դիւաց». «անուանք առանց անձանց են», «ամենայն՝ առասպելք են, և պառաւաց դրդջիւնք» (էջ 69 և հտն.)։ Սակայն ինչքան էլ նա ուժեղ բանավարությամբ հերքում է այդպիսի ոգիների գոյությունը և մանավանդ նրանց կերպարանքների փոխվելը, կամ

  1. Այդ հավատալիքներն ի մի ամփոփված, մասամբ՝ թերի, «Ազգագրական հանդէս», գիրք ԻԶ, 1916, «Ազգագրական նյութեր Եզնիկի Եղծ Աղանդոց գրքի մեջ»: