Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բախտաւորութեանց և չուառութեանց՝ զաստեղսն դնեն պատճառս. որպէս թէ աստեղատունք ինչ իցեն, և ըստ դիպելոյ պատճառաւորաց աստեղացն յաստեղատունսն՝ նոյնպիսիք և ծնունդքն լինիցին» (էջ 108)։ «Որ ինչ ի ճակատագրին գրեալ է հրամանացն, այնմ չէ հնար վրիպել. այլ որ փառաւորն գրեցաւ՝ ւիառաւոր է, և որ չուառն՝ չուառ. և ուր հրամանքն իցեն և յումմէ հրամանքն, ըստ այնմ և մեռանին. և վրիպել չէ հնար ի սահմանելոյ հրամանէն» (112)։ «Եղծի» հեղինակը մանրամասն հերքելով այս հավատալիքը, որ մինչև օրս դեռ մնում է մեր հետամնաց սնոտիապաշտ խավերի մեջ, սաստիկ հեգնանք ու ծաղրի է ենթարկում այն, ելելով աստեղատների անուններից՝ առյուծ, եզն, խոյ, կարիճ (էջ 107—112)։

12. Տիեզերագրական հայացքը և մեկնաբանական մեթոդը։— Եզնիկն ի միջի այլոց խոսում է նաև տիեզերագրական մի քանի խնդիրների, երկնային լուսավորների և օդերևույթների մասին։ Նա օդերևույթները մերթ բացատրում է բնական պայմաններով, ինչպես՝ արշալույսի շառագունումը, լուսնի և նույնիսկ ճրագի շուրջն առաջ եկած բակը (էջ 129. ԻԴ.), այլև ցողի առաջացումը (էջ 132. ԻԵ.), հաճախ, սակայն, պարզապես հետևում է Ս. Գրքին, ինչպես՝ եղանակի փոփոխման և անձրևի վերաբերմամբ (էջ 148)։ Նա իր տեսոլթյունը կազմում է սովորաբար Ս. Գրքի խոսքերի մեկնությամբ, ընդդեմ «արտաքին իմաստունների»։ Այստեղ մանրամասն չենք գրի այդ մասին։ Տիեզերքը նրա համար չունի, հարկավ, այն անհուն ընդարձակությունը, ինչ որ այժմ մեզ համար։ Դա մի մեծ տուն է, երկինքն առաստաղը, երկիրը հատակը։ Երկինքն էլ երկուսն է. «Երկինք վերինք և որ ինչ յերկինս, և երկինք երևելիք որ ի ջուրց» (էջ 6)։ «Նա և զերեւելի հաստատութիւնս, որ ի ջուրց մեկնեցաւ, երկին թարգմանեցին եւթանասունքն. ուստի յայտ է՝ թէ վերին երկինն և ներքին՝ երկու երկինք են, ոչ երեք կամ բազումք» (էջ 181)։ Արտաքին իմաստուններն ասում են, թե ամեն օր «երկինք շրջին… մերթ ի շրջելն ծածկեն զլուսաւորսն և մերթ յայտնեն» (էջ 129)։ Եզնիկն այդ հերքում է պնդելով, թե արեգակը, լուսինն ու աստղերը՝ «նոքա գնան, և երկինք կան անշարժ ետեղակալք։ Որպէս և աստուածատուր իսկ Գիրք հաստատութիւն կոչեն զերկինս: Եւ որ ինչ հաստատուն է, չէ շարժուն»։ Ուրիշները, սակայն, նույն Ս. Գրքի վրա հիմնվելով՝ ասում են, թե լուսավորների համար գրված է. «Եդ զնոսա ի հաստատութեան երկնից. ուստի յայտ է թէ բևեռեալք են և ոչ գնայունք»։ Եզնիկն այդ էլ Ս. Գրքով բացատրում է, և ուրիշ օրինակներով ցույց է տալիս, թե «երկինք ետեղակալ են և լուսաւորքն գնայունք»։ «Եւ ոչ միայն եւթն աստեղքն գնայունք են և այլքն առանց գնացից, այլ ամենեքեան գնայունք՝ կէսքն յամրագնացք, և կէսքն արագագնացք. և ոչ յերկինս բեւեռեալ ենդ (էջ 148 և հտն.)։

Նրան ծանոթ են ժամանակի գիտական տեսությունները լուսնի, արեգակի և մոլորակների շարժման մասին, բայց նա չի ընդունում դրանք։ Նա մերժում է, օրինակ, այն, որ լուսավորներն արևմուտքից արևելք են գնում, թե երկինքը երկրի շուրջը կա բոլոր կողմերից։ «Եւ երկինք, ասեն,