Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(=ավետարանիչ) եղել է մի ժամանակ Ս. Գրիգորի մականունը, որ և հետո փոխանակվել է «Լուսավորիչ» բառով։ Ինչպես հիմա ասենք «Լուսավորչի պատմություն», կհասկանանք «Ս. Գրիգորի պատմություն», նույնպես երբեմն հասկացել են «Ագաթանգեղայ պատմութիւնը»։ Բայց «ագաթանգեղոս» բառը սխալ հասկանալով, կամ դիտմամբ, առնված է իբրև հատուկ անուն (Ագաթանգեղոս հատուկ անուն կա՛ էլ), և դարձրած է Տրդատի քարտուղար, գրքի հեղինակը, որպեսզի այդ գրքի բովանդակության արժեքը բարձրացվի[1]: Եվ այս կատարված է հենց 5-րդ դարում, քանի որ Մ. Խորենացին և Ղ. Փարպեցին «Ագաթանգեղոս» իբրև հատուկ անուն գիտեն։ Թե սկզբնապես այդպես չի հասկացվել, այդ երևում է գրքի կրկին վերնագիրներից, որ դեռ պահված են. այլազգի բառով ասված «Ագաթանգեղեայ պատմութիւն» վերնագրից հետո անմիջապես ավելացրած է՝ «Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի»։

Երկրորդ աղբյուրն եղել է մի վկայաբանություն Գրիգոր Լուսավորչի, երրորդը՝ մի ուրիշ գեղեցիկ վկայաբանություն Հռիփսիմյան կույսերի, չորրորդը՝ Լուսավորչի տեսիլն է, որ բոլորովին անկախ ծագում ունի։ Ս. Գրիգորի վարդապետությունն ամբողջապես թարգմանված կամ քաղված է հունարեն կամ ավելի ասորերեն աղբյուրից։ Վերջապես կան երկրորդական աղբյուրներ՝ «Գորիա և Շմոն» վկաների մասին գրվածքը[2], Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև ժողովրդական զրույցներ, իսկ քաղաքական մասի՝ Խոսրովի ու Տրդատի՝ պատմության համար մեր երկրորդ ժողովրդական վեպը՝ «Պարսից պատերազմը», որի մասին ներքևում կխոսվի։ Դրանք բոլորն եղել են իրարուց անկախ գործեր, որ կիրառված են «Ագաթանգեղայ պատմութիւնը» հորինելու, կամ, ինչպես գրում են, խմբագրելու համար։

4. Խմբագրությունն այնպես ճարտար չի կատարված, որ զանազան աղբյուրներից քաղած պատմությունները դառնան իբրև մի գրչից դուրս եկած, մի ոճով դրված միապաղաղ գործ։ Շատ տեղ կապակցությունը խիստ արվեստական է, կամ շարունակությունն այնպես է հաջորդում, որ իսկույն երևում է ուրիշ աղբյուրից ծագումը. նույն դեպքերի մասին պատմությունը երբեմն այլ և այլ ձևերով կրկնվում է տարբեր տեղերում և այնպես, որ կարծես նոր բան է ասվում։ Այդ ցույց է տալիս, որ խմբագրողը նույնը քաղել է տարբեր աղբյուրներից, և չի կարողացել այնպես ի մի ձուլել, որ կրկնություն չլինի և առաջ չգան նույնիսկ հակասական

  1. Բ. Սարգիսյան, Ագաթանգեղոս և իր բազմադարյան գաղտնիքը, Վենետիկ, 1890, էջ 1 և հտն.։ Այստեղ «Ագաթանգեղոս» բառը բացատրված է ոչ թե իբրև ավետոզ, ավետարանիչ. «Ոչ թէ բարի աւետաբեր, այլ բարի աւետիս կամ աւետիք», իսկ «Ագաթանգեղեայ պատմութիւնը» ոչ թե իբրև ավետաբերի, ավետարանի, այսինքն Ս. Գրիգորի պատմություն, այլ «Պատմութիւն բարի աւետեաց, կամ լաւ ևս՝ Աւետարանին»։— Այս բացատրությունն ընդունելի չէ:
  2. Գ. Տ.-Մկրտչյան, Ագաթանգեղոսի աղբյուրներից։ «Յիշատակ դատակնքաց Գորիա և Շմոնի վկայից որ վկայեցան յՈւռհա», Վաղարշապատ, 1896։