Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս Վեպի սերունդները կամ, մեր այժմյան վեպի բառով, «ճյուղերն» առանձին-առանձին, որով և մոտավորապես կվերականգնվի վեպի ընդհանուր բովանդակությունը։ Ամեն մի ճյուղը հորինված է մի շարք գեղեցիկ դրվագներով, որոնք պատմված են վիպական մանրամասնությամբ։

Սկզբնական դրությունն այն է, որ միևնույն պարթևական տոհմը թագավորում է և՛ Պարսկաստանում, և՛ Հայաստանում, և այդ երկուսի մեջ իշխում է բարեկամությունը: Այն ժամանակ տեղի է ունենում Մամիկ-Կոնակի դիպվածը։ Երկու եղբայրներ ճենական նշանավոր տոհմից, թագավորի երկրորդի որդիք, Մամիկ և Կոնակ, գժտվելով ապստամբում են Ճենաց թագավորից, որ իրենց համամայր եղբայրն էր, բայց հաղթվելով՝ ապաստանում են Պարթևաց Վաղարշի որդի Արտավան թագավորի մոտ, որ Հայոց Վաղարշի որդի Մեծն Խոսրով թաղավորի ազգականն էր։ Արտավանը, որպեսզի իր և Ճենաց թագավորի մեջ խաղաղությունը չվրդովվի և միանգամայն իր երդումը պահած լինի, նրանց իրենց աղխով ուղարկում է Խոսրովի մոտ՝ Հայաստան։

Մինչ Հայոց թագավորը (Տրդատ՝ ըստ Խորենացու պատումի) պատերազմում էր հյուսիսական ազգերի դեմ, այդ ժամանակ նրանից ապստամբում են Տարոնի Ողական ամրոցի տերը, Սլկունիների Սղուկ նահապետը, և Սիմ լեռան բնակիչները։ Թագավորը խոստանում է նրան տալ Սլկունիների իշխանությունը, ով իր մոտ կբերե Սլկունիների նահապետին: Մամ-Կոնը (ըստ Խորենացու պատումի) խաբեբայությամբ սպանում է Սղուկին, և թագավորը նրան է տալիս Սլկունիների կալվածները և նախարար կարգում նրանց։ Այսպես երկու եղբայրները հաստատվում են Տարոնում և Սիմ լեռան վրա. նրանց ամրոցն է Ողական։ Նրանց սերունդը, Մամիկոնյանները «դառնում են մեծ ազգ, այն է՝ Հայոց սպարապետներ»:

Վեպը այնուհետև անցնում է սպարապետների վարած «Պարսից պատերազմի» ծագման պատճառին, մի իսկական վիպական պատմվածքով։ Վաղարշի որդի Արտավանը գիշերն անկողնում աստղերին նայելով իմանում է, որ ով ապստամբի իր տիրոջից՝ կթագավորի, և այդ մասին նա հայտնում է իր թագուհուն։ Արտադուխտը, Սասանյան Արտաշրի սիրելին, որ իբրև նաժիշտ նույն ննջարանումն էր պառկում, լսելով թագավորի ասածը՝ իմացնում է Արտաշրին, և սա ապստամբում է Արտավանից, կռվելով հաղթում, սպանում է նրան, և տեղը թագավորում ինքը՝ Սասանյան հարստության հիմնադիրը։ Դրանով փոխվում է սկզբնական կացությունը։ Սկսվում է վեպի շարժումը, իրադարձությունները, մի կացությունից անցումը մյուսին։

Ի՞նչպես պիտի վերաբերվի այդ փոփոխությանը և ի՞նչ պիտի անի Հայաստանի Արշակունի թագավորը։—Ահա մի հարց, որ արդիական մեծ նշանակության է ունեցել ֆեոդալական դարաշրջանում, երբ իշխող տների ազգակցությանն առանձին կարևորություն է տրվելիս եղել։

Այդ փոփոխության անմիջական հետևանքը լինում է այն, որ հայոց