Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Երկերի այս հատորը բովանդակում է Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր աշխատության Ա. գիրքը:

«Հայոց հին գրականության պատմությունը» Մ. Աբեղյանը ձեռնարկել է գրել 1940 թվականին՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի առաջարկությամբ: Աշխատության առաջին գիրքը (սկզբից մինչև 10-րդ դարի՝ վերածնության շրջանի գրականություն) տպագրության է հանձնվել հեղինակի կենդանության օրով, երկրորդ գրքից նա հասցրել է գրել մեծ մասը՝ մինչև Առաքել Բադիշեցի (15-րդ դար):

«Հայոց հին գրականության պատմության» առաջին գրքում զգալի տեղ է տրված ավանդական բանահյուսությանը, քանի որ հին գրականության մեջ, ինչպես հեղինակը գրում է Առաջաբանում. «մաքուր գեղարվեստական եղել է բերանացի ավանդական բանահյուսությունը» և «հին գրականության պատմությունը թերի կլիներ առանց դրան, որովհետև ավանդական և գրավոր բանահյուսությունը… միասին արտահայտում են մեր գրականության ամբողջական պրոցեսը»: Այս միանգամայն ճիշտ սկզբունքը լիովին արդարացնում է հին գրականության պատմության մեջ ժողովրդական բանահյուսությանը պատշաճ տեղ տալը:

Հին գրականության պատմության՝ ավանդական բանահյուսությանը վերաբերող բաժինները գրելիս, Աբեղյանը, որ այդ բնագավառում ևս ամենահմուտ հետազոտողն է և հեղինակը բանագիտական ծանրակշիռ ուսումնասիրությունների, բնականաբար օգտագործելու էր այդ մասին իր աշխատությունները: Դրանցից է «Հայ վիպական բանահյուսությունը», որ նա պատրաստել էր հին գրականության պատմությունը գրելուց առաջ, բայց հեղինակից անկախ պատճառներով մնում էր չհրապարակված և առաջին անգամ լույս տեսավ Երկերի առաջին հատորում 1966 թ.: Ահա այս անտիպ աշխատությունից նա մեծ հատվածներ դրել է «Հայոց հին գրականության պատմության» մեջ, հարկավ, խմբագրական փոփոխություններով և հարմարեցնելով գրքի շարադրանքի ընթացքին:

Խոսքը վերաբերում է Գրականության պատմության սույն առաջին գրքի «Առաջին շրջան. Նախնական առասպելա-պատմական բանահյուսություն» խորագրված բաժնին, «ժողովրդական վեպ. «Պարսից պատերազմ» և «Վիպական բանահյուսություն՝ Զրույցներ «Պարսից պատերազմի»