Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլխատէր ի ներքս յասպաստանի անդ։
Զի ոչ կարաց լսել և ժոյժ ունել
Զիւրոյ թագաւորին զանարգանս.
Զիւր մահն առաջի եդեալ լաւ հաշուէր բազում անգամ,
Քան զտեառն իւրոյ լսել զվատթարութեան թշնամանս։
Իբրև ի Պարսից աշխարհի էին,
Յայլոց ի տեղի և ի նոցուն հրապարակի,
Աներկիւղ և անկասկած յանկարծօրէն
Զայսպիսի զգործ կարաց գործել:
Իսկ թագաւորն Պարսից յորժամ զայս լսէր,
Բազում շնորհ ունէր զորավարին Վասակայ,
Ընդ քաջասրտութեանն զարմացեալ,
Եւ ընդ բազում աներկիւղութիւնն:
Եւ բազում պարգևաց և պատուոյ արժանի առնէր,
Զքաջութիւն և զտիրասիրութիւնն գովեալ։
Վասն այնր իրաց մեծաւ սիրով սիրէր զնա,
Եւ ըստ արժանի իւրում պատուէր զնա.
Մեծարէր զամենայն աւուրս հաշտութեան
Եւ խաղաղութեանն, որ ի մէջ նոցա էր։

Բուզ., Դ. 16

Այսպիսի տիրասիրության մի հուզիչ պատմվածք է Արշակի ինքնասպանության դրվագը։ Դրաստամատը, Հայոց թագավորի «ներքինին», «ոստիկան հաւատարիմ», — որ Անգեղ տան իշխանն է, «և բարձ նորա ի վեր քան զամենայն նախարարացն», — Արշակի անկումից հետո գերի է Պարսկաստանում: Նա քուշանների դեմ պատերազմի մեջ մեծ քաջություններ գործելով՝ մահից ազատում է թագավոր Շապուհին։ Երբ սա վերադառնում է պատերազմից, մեծ շնորհակալություն է անում Դրաստամատին և ասում է նրան.

Եւ ասէր ցնա Շապուհ թագաւորն Պարսից,
«Խնդրեա դու ինչ յինէն.
Զինչ և խնդրեսցես, տաց քեզ և ոչ արգելից»։
Եւ ասէ Դրաստամատ ցթագաւորն,
«Ինձ ի քէն այլ ինչ ոչ պիտի,
Բայց տուր ինձ հրաման,
Զի երթայց տեսից զբնակ տէրն իմ,
ԶԱրշակ արքայ Հայոց։
Եւ առ մի՛ օր,—
Իբրև ես երթայց առ նա,—
Հրաման տուր՝ արձակել զնա ի կապանացն,
Եւ ես իշխեցից լուանալ զգլուխ նորա և օծանել,