Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհրաժեշտ «Պիտոյից գիրքը»: Անպայման պատմական հիմք ունի Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկի) հաղորդումը, թե Գյուտ կաթողիկոսի ժամանակ «էր մեծ փիլիսոփոսն (վար. փիլիսոփայն) Հայոց Մովսէս, որ զճարտասանականն արուեստ ի գործ առնու ի Հայս»:

2. Ժամանակի խնդիրը:- Հայ պատմագիրներից ոչ մեկն այնքան հրատարակություններ, թարգմանություններ, քննություններ և ուսումնասիրություններ չի ունեցել, որքան Մ. Խորենացու Հայոց Պատմությունը[1]։ Առաջին հրատարակությունը եղած է 1695 թ. Ամստերդամում Էջմիածնի Թոմաս Վանանդեցի եպիսկոպոսի ձեռով։ Դա հին հայ պատմագիրների անդրանիկ տպագրությունն է: Ուսումնասիրություններն ու քննությունները վերաբերում են մեծ մասամբ Խորենացու գործածած աղբյուրներին և ապրած ժամանակին։ Դրանք բանասիրական աշխատություններ են, զբաղվում են հեղինակի և նրա աղբյուրների արժանահավատության, նրա գրվածքի պատմական արժեքի խնդրով, ինչպես և այն մասին, թե ե՛րբ է ապրել և գրել Մ. Խորենացին։ Բուն գրական ուսումնասիրություն չկա։ Այդ նկատմամբ մեկ-մեկ լոկ ակնարկներ միայն եղել են բանասիրական ուսումնասիրությունների մեջ։

Առաջին բացասական քննադատական արտահայտությունը Մ. Խորենացու Պատմության մասին եղել է դեռ 18-րդ դարի կեսերին[2]։ Հետագայում 19-րդ դարի կեսերից սկսած շատերն զբաղվել են դրանով և՛ դրական, և՛ բացասական վերաբերմունք ցույց տալով։ Նախ 1876 թ. Ա. Գուտշմիդը կասկածելի է համարել Խորենացու Պատմության մի մասը։ Հետագայում 1890 թվականից Ա. Կարիերը սկսեց զբաղվել Մ. Խորենացու խնդրով։ Նա Խորենացու (Բ. 83) պատմածը Կոստանդիանոսի դարձի մասին՝ 1892 թվին նույն գտավ Սեղբեստրոսի վարքի համապատասխան կտորի հետ։ Եվ որովհետև նա կարծում էր, թե Սեղբեստրոսի վարքի «լատինական խմբագրությունը 5-րդ դարի վերջին տարիներից առաջ չի կարող լինել,- ուստի և հունարեն թարգմանությունը, որից օգտվել է Խորենացին, ամենից վաղ 6-րդ դարի առաջին տարիներին եղած պիտի լինի». նա դրանից եզրակացրեց, թե «պետք է թողնել Խորենացու Հայոց Պատմության հորինման նկատմամբ ավանդական տարեթիվը, և նույն գրքի հորինումն մինչև 6-րդ դար իջեցնել»[3]։ Հետո նա իմանալով, որ Վենետկի Մխիթարյանների Մատենադարանում կան Սոկրատի Եկեղեցական Պատմության և Սեղբեստրոսի վարքի հայ թարգմանության ձեռագիրներ, նա դրանք բաղդատելով Մ. Խորենացու Պատմության հետ, եկավ այն եզրակացության, թե Խորենացին օգտվել է Սոկրատի այն թարգմանությունից, որ հայտնի է Փոքր Սոկրատ անունով։ Ապա իմանալով, որ ըստ Ստեփանոս Ասողիկի այդ թարգմանությունն արել է Փիլոն Տիրակացին, մոտ 690 թ., նա դրանից եզրակացրեց, թե Խորենացու Հայոց Պատմությունը գրված է ամենավաղը 8-րդ դարում։ Այսպես՝ 1893 թ., հետո 1894 թ. Կարիերն ուրիշ նոր աղբյուրներ էլ ցույց տվավ, որոնցից, ըստ նրա կարծիքի, պետք է օգտված լիներ Խորենացին, և որոնց հիման վրա նա Հայոց Պատմությունն ավելի ուշ ժամանակի գործ համարեց, քան 5-րդ դարը։ Այսպես՝ Մ. Խորենացին օգտված է «Զատկական

  1. Դրանք ըստ կարելույն լիակատար կերպով տողերիս գրողի, Մ. Աբեղյանի ձեռով ամփոփված են վերևում հիշված 1913 թվականի հրատարակության «Յառաջաբանի» վերջում՝ «Մատենագրութիւն» վերնագրի տակ, էջ ԾԳ-ԿԲ: 1913-ից հետո քիչ բան է կատարված։ Արտասահմանում եղածները հայտնի չեն։
  2. Լա-Կրոզ, M. V. La-Crose, Thesaurus epistolici Lacroziani, Լայպցիգ, 1742, 1746, հատ. I, էջ 358 և հտն., հատ. III, էջ 184 և այլն։
  3. «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1892, էջ 250, Ա. Կարիեր, Մ. Խորենացւոյ մէկ նոր աղբիւրը, 1893, էջ 134, 178։ «Նորագոյն աղբերք Մ. Խորենացւոյ». 1893, էջ 309, «Թղթակցութիւն»: «Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացւոյ» և «Յաւելուած», թարգմ. Յ. Տաշեանի, Վիեննա, 1893, 1894։