Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«այլաբանօրէն թաքուցեալ ճշմարտութիւնը» հանում իբրև հավաստի, ստույգ պատմություն։ Սակայն այդ «հաւաստին» մի բոլորովին նոր շարագրած, իսկապես հերյուրած պատմություն է, որ շատ անգամ բուն առասպելի հետ նմանություն իսկ չունի։ Այսպիսի հերյուրած, «այլաբանությունը ճշմարտած» առասպելներն այլևս անշուշտ ժողովրդական կամ ավանդական առասպել կոչել կարելի չէ, այլ միմիայն Պատմագրի կամ նրա նման մտածողների մի հորինվածք) որ թեպետ և առասպելի հիման վրա շինված, բայց բուն առասպելի մասին ճիշտ գաղափար տալ չի կարող։

Մի երրորդ ձևով էլ օգտվում է Խորենացին առասպելներից, բերելով նրանց կարճառոտ բովանդակությունն առանց «մեկնութեան», կամ այն պատճառով, որ արհամարհում է այդ առասպելները, ինչպես՝ Հադամակերտում պատմվածը և Տուրքի առասպելը, կամ բավականանում է միայն այնու, որ իր՝ որևէ գրավոր աղբյուրից առած պատմությանն իբրև վկայություն է կոչում, ինչպես Շամիրամի մահվան առասպելը։

Խորենացին ինչքան էլ առասպելներ հիշում է, չենք կարող ասել, թե շատ է օգտվում առասպելներից, այսինքն՝ նրա օգտագործած առասպելները բազմաթիվ չեն, թեպետ լայն, ընդարձակ չափերով, մանրամասն պատմում է նրանցից մի քանիսը, ինչպես՝ Հայկի, Արայի ու Շամիրամի, Տիգրանի ու Աժդահակի, Վիպասանքի առասպելները։ Որ նա սակավաթիվ (ընդամենը ոչ ավելի, քան տասնուհինգ) առասպել է մեջ բերել, դրա պատճառը հենց նրա հայացքն է առասպելների վրա։ Նրա աչքին, ըստ ժամանակի հասկացության, ամեն մի գրավոր հիշատակարան, թեկուզ մի անվավեր գրվածք, որովհետև իր մեջ հավատալի բան ունի, ավելի մեծ արժեք ունի, քան թե առասպելը, որը, եթե չէ մեկնված և միջի «հավաստին» առնված, նույնիսկ սուտ պատմություն է համարվում։ Եվ որովհետև Խորենացին պատմություն է գրում և ոչ թե առասպելաբանություն, ուստի և որքան կարելի է քիչ, այն էլ երբեմն «մեկնելով» է օգտվում սակավաթիվ առասպելներից։ Նա խուսափում է «առասպելներից», այսինքն՝ սուտ ու մուտ բաներից ընդհանրապես, որպեսզի մի գուցե իր գրած պատմության արժեքն ընկնի առասպելներով։ Այսպես, օրինակ, Բ. 64. որոշ կերպով գրում է նա. «Որչափ էր հնար՝ փախեաք յաւելորդ և ի պաճուճեալ բանից, և որ ինչ յանհաւաստին հայէր բանն եւ մտածութիւնն. միայն զհետ երթալով ըստ կարողութեան՝ որ ինչ այլուստ եւ կամ ի մէնջ՝ զարդարոյն ել զճշմարտի։ Զնոյն և աստանօր պատրաստելով՝ արգելում զընթացս բանիցս յոչ պատշաճէն և որ զանհաւաստութեանն ի ներքս ածել ակնարկէ կարծիս։ Եւ զքեզ, որպէս բազում անգամ, և այժմ աղաչեմ, մի՛ յաւելորդսն հարկաւորել զմեզ. և սակաւ կամ յոլով բանիւք՝ զմեծ և զհաւաստի բովանդակ աշխատութիւնս մեր ընդ վայր եւ աւելորդ ցուցանել գործ, զի նմանագոյնս որպէս ինձ՝ և քեզ գործէ վտանգս»։

8. «Հիւսումն Պիտոյից», Պիտոյից գիրք։ Ներբողյան Մեծն Տիգրանի։— Մեր Պատմագիրը Տիգրանի գովեստն անելիս բերում է իբրև