Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գովել ընդհանրապես։ Եվ Խորենացին իր Հայկազանց և Տիգրանի պատմությունն սկսում է ընդհանուր գովեստով (Ա. 21—24)։

2. «Ապա դնել զազգն, և զնոյն բաժանել ի գաւառս և ի նախածնողս և ի հարս»։ Տիգրանի ներբողյանից Խորենացին կարիք չուներ «գավառի», այսինքն Տիգրանի հայրենիքի, Հայաստանի գովքը մտցնելու իր Պատմության մեջ։ Իսկ Տիգրանի նախածնող Հայկին և նրա մերձավոր հայրերին՝ Պարույրից սկսած՝ գովելով հիշատակում է Տիգրանի պատմությունից առաջ:

3. «Ապա զսնունդն. և բաժանել յուսումն և ի վարժս և յօրէնս»։ Այս մասի մեջ պիտի պատմվեր ներբողելի անձի ծնունդը, սնվելը, կրթությունը, մանկական կյանքն ու վարմունքը (հմմտ. «Մովսեսի ներբողեանի» մեջ համապատասխան հատվածները՝ Ե. Թ. էջ 415—417)։ Ըստ ինքյան հասկանալի է, որ այս մասն, իբրև պատմության համար «ոչ կարևոր» բան, պիտի կրճատեր Խորենացին։ Սակայն և այնպես ծննդյան, ինչպես և նախընթացում հիշված «գավառի», հայրենիքի մասին գտնում ենք Աժդահակի երազի մեջ։

4. «Եւ ապա զմեծ գլուխ ներբողինին դնել զգործսն. և զնոյն բաժանել յանձն և ի մարմին և ի դիպուածս»:

ա. «Զանձն յիմաստութիւն և յողջախոհութիւն, յարութիւն և յարդարութիւն»։ Տեսնենք, ինչպես է գովում Խորենացին Տիգրանի «անձը» (հոգին, ներքինը). «Արանց կացեալ գլուխ և արութիւն ցուցեալ», «պարկեշտն, օրինաւոր, …ի ցանկութիւնս մարմնոյն չափաւոր, մեծիմաստն. արդարադատ և հավասարասէր կշիռս անելով» և այլն: Ուրեմն ոչ մի գիծ պակաս չէ։

բ. «Զմարմին՝ ի գեղեցկութիւն և ի զօրութիւն և յերագութիւն»։ Խորենացի. «Խարտեաշս այս և աղեբեկ ծայրիւ հերաց», «երեսօք գունեան և մեղուակն, անձնեայն և թիկնաւէտն, առոգաբարձն և գեղեցկոտն»։ «Կատարեալս ի դիւցազանց հասակաւ և բնութեամբ»։ «Արծուոյ իմն սլացեալ թևովք… սքանչելի դիւցազն»։ «Բայց գովեմ զքաջ նահատակն իմ և զնիզակաւորն և զամենևին բոլոր անդամովք համեմատն և ի գեղեցկութիւն հասակի աւարտեալ, քանզի առոյգ, ամենայնիւ, ըստ իրեարս պատշաճեալ, և ուժով ոչ զոք ունելով իւր զոյգ»։— Ուրեմն դարձյալ ոչ մի գիծ պակաս չէ։

գ. «Զդիպուածս՝ ի ճոխութիւն և յընչեղութիւն և ի սիրելիս»։ Այսինքն գոված անձի կատարած մեծ դեպքը պետք է ճոխություն և ընչեղություն պատճառե և սիրելի դարձնե նրան։ Տիգրանի մեծ «դիպուածն» է Աժդահակի հետ կռվելն ու նրան հաղթելը, որ այսպես է վերջացնում Խորենացին. «Եւ այսպիսի դիպուածս ի բարեբախտութիւն յաւելեալ, փառս յաճախէր Տիգրանայ»։ Ավելորդ է արտագրել այստեղ մեր թագավորի «ճոխութեան» և «ընչեղութեան» մանրամասն նկարագիրը (Ա. 24)։ Իսկ «սիրելի» լինելու համար բերենք միայն. «Ամենեցունց որ առ իւրովքն էին