Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մթնել է, այդ ըմբռնվել է իբրև «տգեղ» և առաջ է եկել,—թերևս, գրական ճանապարհով ու Խորենացու ձեռով,— այդ հսկայի տգեղության նկարագիրը։ Այդ ժամանակ և մոռացվել է այդ հսկայի ծագումն Անգեղից, ու նրան կապել են հսկա Հայկի հետ։

2. Առասպելները։– Մ. Խորենացին Անգեղյա Տուրքի մասին պատմածները հիշում է իբրև երգ և առասպել, նա արհամարհելով այն՝ բառացի ոչինչ չի բերում, այլ տհաճությամբ տալիս է երգի բովանդակությունը, համարելով այն սուտ, փծուն բան, որովհետև դրա մեջ երևում է չափազանց երևակայություն։


«Բայց եթէ կամիս՝ ստեմ և ես յազագս նորա անյաջ և փցուն, որպէս և Պարսիկք վասն Ռոստոմայ Սագճկի հարիւր և քսան փղոց ոյժ ասեն ունել։ Քանզի կարի իմն անյարմար թուէին և նմա երգ բանից վասն ուժեղութեանն և սրտեայ լինելոյն․ որք ոչ Սամսոնի և ոչ Հերակլեայ և ոչ Սագճկին յարմարին այս զրոյցք։ Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր․ և քերել եղնգամբքն և կազմել որպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամբք իւրովք արծուիս և այլս այսպիսիս։

Եւ յեզեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց՝ դիմէ ի վերայ. և ի խաղալն նոցա ի խորն իբրև ասպարէզս ութ, և սա ոչ ժամանեալ նոցա՝ առնու, ասեն, վէմս բլրաձևս, և ձգէ զկնի․ և ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք ոչ սակաւք, և ամբարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաւսն բազում մղոնս։ Ո՜Հ, կարի է առասպելս, այլ և առասպելաց առասպել։ Բայց քեզ զի՞ է. քանզի էր արդարև սաստիկ հզօր և այսպիսեաց զրուցաց արժանի» (Խոր․, Բ. 8)։


Տուրքը, առասպելի առաջին մասի մեջ, հանդիսանում է մի վիթխարի քարակոփ—քանդակագործ։ Առասպելի երկրորդ մասի մեջ պատմվածը, թշնամիների նավերի ետևից ժայռեր ձգելը, նման է Հոմերոսի «Ոդիսականի» Կիկլոպ Պոլիփեմի արարքին։ Այս նմանությունը, որ վաղուց ցույց է տրված, զարմանալի չէ։ Հաճախ ամբողջ ժողովրդական երգեր, վիպական մեծ քերթվածներ, որոնք երբեք գրված չեն եղել, մի ազգից մյուսին, մի լեզվից մյուսին են անցնում՝ ասացողների բերանին գրեթե բառացի ոտանավորով թարգմանվելով։ «Ոդիսականն» ինքը բազմազան ազգերի առասպելների մի ժողովածու է՝ արվեստով մշակված։ Ուստի անբնական չէ, որ հայերի մեջ ևս պատմվեր մի այդպիսի զրույց, որ Պոլիփեմի մասին պատմվածի հետ ընդհանուր նմանություն ունենալով հանդերձ՝ շատ էլ տարբերություններ ունի իր վիպական մանրամասնությունների մեջ։ Տուրքն իր բնավորությունը պահում է և իր այդ արարքի մեջ։ Նա, այդ հսկա քարակոփը, որ կարողանում է բռնելով ճեղքել որձաքարը և եղունգներով քերել, տախտակ դարձնել այն ու վրան փորագրություններ անել, նա իր արվեստին հատուկ տարերային ուժն է գործադրում, թշնամիների ետևից բլրաձև ժայռեր է առնում, ձգում։

Նման պինդ մարմնով և ուժեղ հսկաներ շատ ազգերի վեպերի մեջ երևան են գալիս։ Հիշենք միայն մեր Սասունցի Դավթին, որի եղունգը երբ դիպչում է ջարդու քարին, քարից կրակ է դուրս գալիս։ Իսկ նրա որդի