Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար։ Երբ այդ աշակերտները կատարելագործվում են, նրանց խումբ–խումբ ուղարկում են Հայաստանի զանազան կողմերը հայերեն գիր ու գրականություն սովորեցնելու։ Այդ խմբերից մեկի մեջ եղել է և Մաշտոցի կենսագիր Կորյունը։ Բացի այդպիսիներից՝ նրանք, Մաշտոցն ու Սահակը, Վաղարշապատում սովորեցնում են արքունիքի մարդկանց և ազնվականներին։ Սահակն ուրիշների թվի մեջ՝ ուսուցանում է ավելի Մամիկոնյան տոհմի մարդկանց, որոնց առաջինն էր Վարդանը, իր՝ Սահակի թոռը, ապագա հերոսը Վարդանանց պատերազմի։

Ապա կաթողիկոսը մնում է Այրարատում «կայենականներին», այսինքն զորակայաններում կենտրոնացած մարդկանց սովորեցնելու[1], իսկ Մաշտոցն իր եռանդուն բնավորությամբ կարող չէր մնալ մի տեղում։ Նա թույլտվություն ստանալով՝ իր բազմաթիվ օգնականների հետ գնում է հեթանոսների մեջ քարոզելու։ Նախ անցնում է Գողթն, իր առաջվա դաստակերտը։ Շաբաթ իշխանի և սրա որդի Գիտի օգնությամբ քարոզում է ավետարանն այդ գավառում, «և կարգէր յամենայն գիւղս գաւառին՝ դասս սրբոց վանականաց»։

Այնտեղից նա ելնում է սահմանակից Սյունիք, ուր գործում է նախ Վաղինակ, ապա Վասակ իշխանների օգնությամբ, «ժողովում է մանուկներ ուսում տալու համար», սովորեցնում ու կրթում է այդ «գազանամիտ, վայրենագույն, ճիվաղաբարո կողմերի» տղաներին, «այնպես, որ հենց այն վայրենիներից եպիսկոպոս են կարգում Սյունիքի եկեղեցու համար»,— գրում է Կորյունը։ Այդ երկիրն էլ նա «լցնում է վանականների խմբերով»։ Այսպես նա շրջում է շատ կողմեր։ Ամեն տեղ, ուր նա գնում է, սովորեցնում է հայերեն դպրություն և իր աշակերտներից մեկին վերակացու թողնում՝ գործը շարունակելու համար։

Նա հոգում է ոչ միայն հայկական դպրության համար, այլև վրացիների, հետագայում նաև աղվանների, որոնք կապված էին հայերի հետ։ Նա իր առաջին շրջագայության ժամանակ հենց՝ իր աշակերտներից մի քանի լավագույններին հետն առած գնում է Վրաստան, ալփարետ հորինում վրացերեն լեզվի համար, թարգմանություններ անել տալիս։ Այստեղ էլ նրանց թագավորն ու եպիսկոպոսն օգնում են Մաշտոցին. նրանք մանուկներ են ժողովում զանազան գավառներից և նրանց ուսում են տալիս։ Դրանցից էլ հետագայում կարգվում են եպիսկոպոսներ։ Այսպես շատ կողմեր շրջելով՝ ամեն տեղ նույն լուսավորական գործն է կատարում իր աշակերտների հետ և իր աշակերտներին վերակացու թողնելով՝ վերադառնում է Վաղարշապատ։

Երբ Արևելյան Հայաստանի բոլոր կողմերում սովորեցնում է և կրկին անգամ շրջում է իր կարգած տեղերը՝ աշակերտներին «զորացնելու, նորոգելու, հաստատելու», «այնուհետև մտածում է,— գրում է Կորյունը,— հայոց կես ազգի համար, որ հոռոմների թագավորի իշխանության

  1. Այս մասին տե՛ս Կորյուն, Վարք Մաշտոցի, ծան. 93։