Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե իբր Տարոնի բարբառն է դարձել գրական լեզու, թե Մաշտոցը, որ Տարոնի մի գյուղից էր, իր գյուղի բարբառն է դարձրել եկեղեցա-գրական լեզու: Այդ անընդունելի է: Ինչքան էլ Մաշտոցն ազդեցիկ լիներ, նա չէր կարող այդ անել:

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Առաջին թարգմանիչներ և թարգմանություններ։— Սահակը, Մաշտոցը և նրանց ավագ աշակերտները եղել են և առաջին թարգմանիչները։ Այդ աշակերտներն են՝ Հովսեփ Վայոց Ձորեցի կաթողիկոսը կամ կաթողիկոսական տեղապահը,— այս երկու անունով էլ կոչում են նրան,— Ղևոնդ, Վարդանանց պատերազմի ժամանակ մեծ դեր խաղացող Ղևոնդ երեցը, որ նախորդի և ուրիշների հետ նահատակվել է Պարսկաստանում, այսինքն՝ սպանվել է քրիստոնեության համար. ապա՝ Հովհան Եկեղեցացի, Հովսեփ Պաղնացի, Եղնիկ Կողբացի, Կորյուն, Մուշե, Աբրահամ Զենակացի կամ Աբրահամ Խոստովանող և ուրիշները։

Թե ի՛նչ թարգմանություններ են արել առաջին թարգմանիչները, և թե ո՛ր թարգմանիչն ինչ է թարգմանել, այդ մասին Կորյունը սակավ տեղեկություններ է տալիս։ Բայց և այնպես գիտենք, որ այդ շրջանում թարգմանական մեծ գործ է կատարված։ Այստեղ կդնենք այն, որ հիշատակում է Կորյունը։

Առաջին գործը բնականաբար՝ է՛ր Աստվածաշնչի թարգմանությունը։ Ինչպես վերևում ասվեց, Մաշտոցը Սամոսատ քաղաքում արդեն իր երկու աշակերտների հետ ձեռնարկել է դրան՝ սկսելով Սողոմոնի Առակներից: Թե նա այնտեղ Աստվածաշնչի ուրիշ գրքեր էլ թարգմանել է թե ոչ, այդ մասին չի հաղորդում Կորյունը։ Երբ նա վերադառնում է, այն ժամանակ մեր երանելի հայրերը», այսինքն Մաշտոցն ու Սահակը,— ասում է Կորյունը,— ձեռնարկում են թարգմանության աշխատանքը, և այս «երկու հավասարյալների ձեռով հայաբարբառ, հայերենախոս են դառնում» Մովսեսի գրքերը, մարգարեությունները, Պողոսի և բոլոր առաքյալների թղթերը, Ավետարանը։ Այս անունները հիշելուց հետո՝ Մաշտոցի վարքագիրն ավելացնում է, թե թարգմանության միջոցով երկիրն «առժամայն վաղվաղակի ամենայն իրացն եղելոց խելամուտ լինէր, ոչ միայն ժամանակաւ պաշտեցելոցն, այլ և յառաջագոյն յաւիտենիցն, և ապա եկելոցն, սկզբանն և կատարածի, և ամենայն աստուածատուր աւանդութեանցն» — շատ շուտով, իսկույն իմացան բոլոր եղած բաները, ոչ միայն ժամանակով կատարվածները, այլև առաջագույն հավիտենականությունը և հետո եկածները, սկիզբը և վերջը, և բոլոր աստվածային ավանդությունները։ Ուրեմն ամբողջ Աստվածաշունչը, նույնիսկ «Յայտնութիւն Յովհաննու» գիրքը, քանի որ «կատարածը», վերջը, վերաբերում է «աշխարհի կատարածին», վերջին, որի մասին խոսվում է այդ գրքի մեջ։ Թե ո՛ր լեզվից են թարգմանել Աստվածաշունչը, այդ մասին չի հիշում Կորյունը:

Աստվածաշնչի այս թարգմանության հետ զուգընթաց թարգմանել են եկեղեցու մեջ ընդունված աղոթքները։ Դրանք անհրաժեշտ էին