Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց այստեղ Միք. Միանսարյանը կցում է հետևյալ ծանոթագրությունը. «Այժմյան վեճերին նայելով, որ Օսմանյան տերության բնակող մեր եղբարց մեջ ծագել են կաթողիկոսական խնդրի մասին, այս երգը հարմարում է շատ։ Առանց երեսպաշտության խոսելով, համարձակվում ենք մեր ընդդիմությանը հայտնել այն մեր ազգայնոց դեմ, որոնք կամենում են Էջմիածնա կաթողիկոսությունից,— մյուս նոր կաթողիկոսություն հաստատել Օսմանյան տերության մեջ, որով ռուսաց կառավարության բնավ վնաս չեն տալու, այլ ընդհակառակն, ինչ վատ հետևանքներ որ ելանե այդպիսի շարժողությունից, բոլորը հայն պետք է ուտե» և այլն։ Պարզ է, որ ավելացրած տողերը պատկանում են Միք. Միանսարյանին։ Միանսարյանը «էսկիճի Գասբարի» փոխարեն գրել է «Կոմս էմմանուել», իսկ Բարխուղարյանը դարձրել է «Ասկճի Գասպար»։

Գասպար— հավանորեն բանաստեղծի համալսարանական ընկերներից։ Նրան տրված մականունը՝ էսկիճի, նշանակում է հին կոշիկ կարկատող։

ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆ

(էջ 66)

Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» III գրքում (1890)։

<bigНУ, ХОРОШО!

(էջ 71)

Այս բանաստեղծության մասին եղած գրական առաջին հիշատակությունը պատկանում է Մինաս Բերբերյանին («Լումաս», 1902, № 2), որը և ճաշակ տալու համար բերում է նրա սկզբի ութ տողը։ Առաջին անգամ տպագրվել է Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ 1935-ին Մոսկվայում լույս տեսած «Անտիպ երկերում»: Հրատարակվում է ըստ ձեռագրի, որ պահպանվում է հեղինակի արխիվում։ Վերնագրի դիմաց Բերբերյանի ձեռքով գրված է. «Միք. Նալբանդյանցի, յուր նոր Մոսկվա եկած տարին, 1856—1857 թվական»։ Բերբերյանը սխալվել է՝ Նալբանդյանի՝ Մոսկվա տեղափոխվելու տարին համարելով 1856—1857 թվականները: Պետք է լինի՝ 1853: Կարելի է ենթադրել, որ ոտանավորը գրված է 1854-ին, եթե ոչ դրանից էլ առաջ (տե՛ս Խ․ Սարգսյան և Կ. Գրիգորյան, Նոր նյութեր Նալբանդյանի մասին, ԳԱ «Տեղեկագիր», 1954, № 7)։ Երգիծական այս ոտանավորը ոչ միայն կենսագրական, այլև հասարակական նշանակություն ունի. Նալբանդյանը ծաղրում է տիրող հարաբերությունները, հայ արտոնյալ դասի հետադեմ ներկայացուցիչներին և սրանց կամակատարներին։

1 Տերտերը Հարություն քհն. Գեոքչեյանն է, որ մտերիմ էր Նալբանդյանին և որի մոտ վերջինս ազատ գնալ գալ ուներ։

3 Աղա զատան կամ աղան Լազարյան ճեմարանի հոգաբարձու Հովհաննես Լազարյանն է։

13 Молодой человек-ը ինքը՝ Նալբանդյանն է։

16 Կիսթի որդին — հավանորեն Ռափայել Կիստյան, Նոր նախիջևանցի, որ ուսանել էր Լազարյան ճեմարանում և ապրում էր Մոսկվայում։

21 Սրբազանը Մատթևոս եպիսկոպոս Վեհապետյանն է։

81 Կաթողիկոսը Ներսես Աշտարակեցին է։

433

28-162