Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե վենետիկյան հասարակապետությունը չէր հոժարում տեղ ու հող տալ պապական հոգևորների և վանքերի համար, ի՞նչպես տեղ կտար մի օտարադավան միաբանության։ Մեք այլապես չենք կարող մեկնել վենետիկյան կառավարության այդպիսի առատասիրտ գործակատարությունը, քան թե այն խորհրդով, որ կառավարությունը տեսանելով մի օտար ազգից հատվածյալ միաբանություն, որ պատրաստ էր նվիրել յուր կրոնը, կյանքը, գույքը և զորությունը պապական ծառայության, այդպիսի փաղաքշանքով ներս ընդունեց նորանց ապացուցանելու համար յուր նախանձավորությունը պապականության օգտին, որի մասին քանի անգամ բամբասված էր որպես անտես առնող։ Մի քանի կոլլեգիացի պապական աբեղաների ձեռքով Մխիթարյանց մասին գրված տեղեկության մեջ խոսք է լինում, թե Վենետկի կառավարությունը այն խորհրդով շնորհել է Մխիթարին և նորա միաբանությանը հող, բնակություն և պաշտպանություն, որ ծաղկեցնե Մորեան զանազան տեսակ բնակիչներով։ Բայց մեք ընդունել մի այդպիսի անհիմն խորհուրդ չենք կարող. մի մասնավոր մարդ կարող է միայն յուր հաճույքի և զվարճության համար կարգադրել յուր ստացվածքը, բայց մի տերություն, և այն վենետիկյան հասարակապետությունը, չէր կարող այլապես ներգործել այսպիսի դիպվածների մեջ, քան թե քաղաքական կամ կրոնական խորհրդով։ Այս ևս հավաստի է, որ հասարակապետությունը հավատացած էր, թե մի աբեղայական կարգ, և այն չքավոր, խեղճ, ողորմելի վիճակում, և կտրած բաժանած յուր ազգից, ոչինչ քաղաքական հանդես չէր կարող ունենալ պատմության մեջ. ուրեմն մնում է մեզ անտարակույս մտածել, որ այդ իրողությունը պատահել է կրոնական մտքով, ապա ուրեմն Մխիթարը և նորա դեռահաս միաբանությունը ընդունած էին արդեն այդ միջոցին պապականությունը։ Ինչպես և եղած լիներ այդ բանի շարժառիթը, այսքանս ստույգ հայտնի է, որ 1712 թվականին Կլեմենտ Տասն և միերորդ պապը հաստատեց Մխիթարյան միաբանությունը, որ այնուհետև ստացավ բենեդիկտյան կարգի կանոնադրությունը Անտոն աբբայի անունով և այդ պատճառով ևս ինքը Մխիթարը անվանվեցավ Աբբա։ Մխիթարը վանք ու եկեղեցի շինելով Մոթոնեումը, երկար չկարողացավ մնալ այդտեղ. քաղաքական իրողությունք հարկադրեցին նորան տեղափոխ լինել շուտով: Արդարև, վենետկեցոց անհաջող պատերազմը տաճիկների հետ արդարացի կասկածանք տվեցին Մխիթարին, միգուցե Մոթոնեն անցաներ տաճիկների ձեռքը, և ինքը Մխիթարը

235