Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարեկամաբար զարկելով պ. Մարկոսի ուսին,— և հույս ունիմ, որ դու այնքան խորհրդապահ կլինիս, որ ոչ ոքի չասես այն գաղտնիքը, եթե երդում տալով հավատայի քեզ։

— Երեք հարյուր տասն և ութն հայրապետների նզովքը գլխիս լինի, եթե մի մարդու ևս հայտնեմ այդ բանը,— ասաց ջերմ-ջերմ պ. Մարկոսը։

— Լսի՛ր ուրեմն, պ. Մանթուխյանցը շուտով այնպես հարուստ կդառնա, որ Րոթշիլդը կոպեկ չարժե նորա առաջև։

— Ի՛նչ ես խոսում։

— Լսի՛ր, նա պարապում է ալքիմիայով...

— Ի՜նչ ասել է ալքիմիա, խնդրեմ հասկացրու,— վեր առեց շուտով պ. Մարկոսը։

— Դա մի գիտություն է, որ ուսուցանում է հասարակ մետալները, զոր օրինակ, երկաթը, պղինձը, անադը և այլն, ազնվացնել, այսինքն ոսկի և արծաթ փոխարկել նորանց։

— Մի՞թե կարելի է այդպիսի բան։

— Անտարակույս, հարկավոր է միայն լավ ուսանել ալքիմիան։

— Ճշմարի՛տ, առաջին անգամ լսում եմ այդպիսի բան։

— Ապա ի՛նչ էիր կարծում, սիրելիս։ Ալքիմիան քո կարդացած բաների նման չէ. ի՛նչ քո կարդացած, և իմ թալիսմաններին ևս նման չէ. դա մի ջոկ բան է...

— Ի՛նչ տեղից է այդ գիտությունը, և ի՛նչպես ուսել է Պ. Մանթուխյանցը։

— Թե ի՛նչ տեղից է այդ գիտությունը, երկար կլինի պատմել, մանավանդ ես ևս հաստատ չգիտեմ, թեև միանգամ պատմել է ինձ պ. Մանթուխյանցը, իսկ թե ի՛նչպես հասել է նա այդ գիտությանը, այդ բանը մի գաղտնիք է, որ ինձ ևս չէ բացել։

— Տարակույս չկա, որ շատ թե փոքր տեղեկություն ունիս այդ գիտության վերա, գո՛նե այնքան պատմի՛ր ինձ, որքան գիտես, հետո ես ինքս ման կգամ գրքերի մեջ։

— Դու զուր տեղը մի՛ որոնիր քո գրքերի մեջ, ոչինչ գտանելու չե՛ս. իսկ թե շատ խնդրում ես ինձ, ուրեմն ես ցույց կտամ քեզ մի թուղթ, որի վերա գրած է Մանթուխյանցը մի քանի ծանոթությունք ալքիմիայի մասին։ Նա տվեց ինձ այդ թուղթը հավատացնելու համար ինձ, թե կա մի այդպիսի գիտություն և թե շատ խելացի մարդիկ եղած են դորա սպա- սավորք։

— Աստուծո սիրուն, ցույց տուր ինձ այդ թուղթը, ես շատ ուրախ կլինիմ և շատ շնորհակալ, և դորա փոխանակ կտամ քեզ մի գրչագիր