Էջ:Muratsan, vol. 1.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխվել էր, որ ես մի րոպե չճանաչեցի նրան: Որովհետև ես նրա մեջ չտեսա իմ պարզ և անպաճույճ Մարգարիտային: Նա հագնված էր ամենաշքեղ տարազով, և յուր կիսամերկ պարանոցի և բազուկների վերա վառվում էին ոսկեհուռ ադամանդներ: Նրա սևաթույր մազերը, որոնց ես տեսել էի թույլ հյուսերով շուշված յուր ուսերի վերա, այսօր փոխակերպվել էին գանգրյալ խոպոպիկների և նրա լայնադիր ճակատի վերա կազմում էին կարծես մի բոլորակ ծաղկապսակ:

Արվեստի այդ ներդաշնակ պաճուճանքների մեջ Մարգարիտան սովորականից ավելի գեղեցիկ և հրապուրիչ էր:

Երբ ես մոտեցա նրան, նա արդեն ոտի վերա էր: Անուշ ժպիտով իմ ողջույնը ընդունելով՝ նա շշնջաց ինձ հազիվ լսելի ձայնով.

—Դու չե՞ս զարմանում իմ հանցավոր կերպարանափոխության վերա:

Այս խոսքերով կարծես նա կամենում էր ազատել իրեն պճնասիրության մեջ մեղադրվելու պատասխանատվությունից, որովհետև և նա ինքը սկզբունքով շատ դեմ էր այդ մոլորությանը և ակամայից էր ստիպվել այսօր հասարակաց ձայնին հնազանդելու և նրանց ճաշակը չվիրավորելու:

Ուր էր, թե բոլոր հանցանքները այդչափ անվնաս լինեին և նպաստեին միայն գեղեցկության հրապույրները բազմացնելու, այդ ժամանակ մարդիկ աստվածներին նախանձ կբերեին, պատասխանեցի ես:

Շուտով մեր բերած հյուրերի շնորհիվ ուրխությունները սկսան կրկնապատկվիլ, պարերը կենդանացան, և դահլիճը ընդունեց ալեկոծյալ կերպարանք:

Ամեն բան լավ էր գնում: Բայց պարոն Լուսինյանը շատ էր անհանգստանում պատեր Սիմոնի պատճառով: Նա խոստացել էր երեկոյան ժամը ութին ներկա գտնվիլ, բայց տասը արդեն լրանում էր, և նա չկար:

Մի՞թե առանց նրան չէր կարելի գործը վերջացնել, հարցրի ես տեր-Հովհաննեսից:

Ոչ, պատասխանեց նա: Այսպիսի մի համաձայնության խորհուրդը առանձ ինձ ես իրավունք կտայի ձեզ վերջացնելու, որովհետև ուր որ երկու սրտերի համաձայնություն