Էջ:Muratsan, vol. 1.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻԵ

Երեկոն հասավ, մենք պետք է ճանապարհվեինք։ Քույրս ցանկանում էր գալ մինչև ծովափը ինձ ճանապարհ ձգելու, բայց ես վախենալով, որ հակառակ կողմից մարդիկ կարող էին գալ մեր տուն և մեզ բոլորիս բացակա գտնելով՝ կարող էին կասկածի երթալ մեր փախուստի համար, ուստի լավ համարեցի, որ քույրս մնար տանը։ Հետո նրան իմ հրաժեշտի ողջույնը տալով փեսայիս հետ կառք նստա և ուղևորվեցա դեպի նշանակյալ տեղին։

Դեռ երկու փողոց հազիվ էինք անցել, երբ փեսաս հիշեցրեց ինձ, որ պայուսակս մոռացել էի։

— Ոչինչ. մինչև Բ. ես պայուսակի հարկավորություն չեմ ունենալ,— պատասխանեցի ես,— որքան թեթև լինիմ, այնքան լավ է։ Բայց դեռ վերջին խոսքերը չէի արտասանել, երբ փեսաս արմունկով նշանացի արեց որ լռեմ: Այդ միջոցին մի ստվեր անցավ մեր մոտից։

-Ի՞նչ կա,— հարցրի ես կամացուկ ձայնով: — Կլեմեսը անցավ, չտեսա՞ր, դու այնպես բարձր էիր խոսում, որ նա անշուշտ քեզ կլսեր,— պատասխանեց փեսաս։

— Էլ այսուհետև ի՞նչ կարող է նա անել մեզ,— նկատեցի անհոգությամբ,— բայց մի քանի րոպեից հետ մի գաղտնի երկյուղ պաշարեց սիրտս։ Այդ զգացմունքը իհարկե ես թաքցրի իմ փեսայից։

Այգու մոտ հասնելով ես իջա կառքից և պատվիրեցի փեսայիս պտտվիլ դեպի ցանկապատի հյուսիսակողմը և սպասել այնտեղ։ Մարգարիտային ես ժամադիր էի եղել այգվո ծառուղիներից մինում։ Ես շտապ շտապ վազեցի նշանակված տեղը։ Երկու մեծ նոճիներով հովանավորված և մացառներով ծածկված մի նստարանի վերա սպասում էր ինձ իմ սիրուհին, նրա հետ էր և Մարին։

— Դու ուշացար,— կամացուկ ձայնով շշնջաց Մարգարիտան,— ես վաղուց է սպասում եմ այստեղ։

— Հոգ չէ, սիրելիս, այս վերջին անգամն է, որ մենք գաղտագողի տեսակցություն ենք ունենում և սխալվում ենք