Էջ:Muratsan, vol. 1.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարգարիտան ավելի հանգստացավ և սկսեց մինչև անգամ օգնել քրոջս մեր ուղևորության պատրաստությունների մեջ։ Ամբողջ այդ օրը Մարգարիտան մնաց մեզ մոտ և երեկոյան դեմ հեռանալով՝ ժամադիր եղավ առավոտը շոգենավի ճանապարհվելու ժամանակ գալ ուղղակի նավահանգիստը և այնտեղ նավամատույցի վերա առնել մեր վերջին հրաժեշտի ողջույնը։


ՀՈՒՅՍԵՐՍ ՓՇՐՎԵՑԱՆ...

Դուք անշուշտ երազներին չեք հավատում, ես էլ ձեզ նման սնահավատ չեմ։ Բայց համոզվեցեք, որ կան երազներ, որոնք չեն խաբում և որոնց պետք է հավատալ։ Ահա այդ երազներից մինն էր, որ այդ միևնույն գիշերը խռովեց իմ հանգիստը։

Ինձ թվում էր, թե Մարգարիտայի հետ զբոսնում էի մի գեղազարդ այգիի մեջ, ուր ամեն կողմից մեզ շրջապատում էին հարուստ և բարձրաբերձ ծառեր, ծաղկափթիթ պուրակներ և կանաչազարդ թփիկներով եզերված առուներ, որոնք կարկաչասահ և բազմապտույտ ոռոգում էին գեղեցիկ դարաստանը։

Մենք թևիթև ճեմում էինք հովանավոր ծառերի տակ, և Մարգարիտան մերթ ընդ մերթ ամենագեղեցիկ ծաղիկները նրանցից փնջեր էր կապում և կախում էր իմ կըրծքի վերա։

— Այս փնջերը թող հիշատակ մնան քեզ մոտ, Արա՛մ,— ասում էր նա,— որովհետև իմ վախճանը մոտեցել է, և ես պետք է մեռնիմ... Բայց երդվիր ինձ, որ իմ մահից հետո, դու անթառամ կպահես այս փնջերը և երբ քո հոգին կբաժանվի քեզանից, դու նրան կհանձնես մեր սիրո այս գողտրիկ հիշատակները ինձ բերելու համար...

Եվ այս խոսքերը դեռ նա չէր ավարտել, երբ մի հանկարծական թնդյուն շրջապատեց մեզ, գեղեցիկ դարաստանը փոխվեցավ մի հորձանուտ ծովակի, որի կոհակները կատաղի