Էջ:Muratsan, vol. 3.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ, բարեկամ, ընդհակառակը, ես ինձ ամենաբախտավոր մարդը կհամարեմ, եթե նա կբարեհաճե ինձ հետ ծանոթանալու։ Շա՞տ կան միթե ձեր մեջ Արդուկյանի նման հանճարներ, անաչառ գրողներ, ազնիվ հայրենասերներ...

— Աստված մի՛ արասցե, որ նրա նմանները շատանան մեր մեջ, դուք անիծում եք մեզ, — ընդհատեց ինձ բարեկամս և սկսավ հյուսել նորանոր հայհոյանքներ իմ սիրելի Արդուկյանի հասցեին:

— Ինչպես երևում է պ. Արդուկյանը արդուկել է մի անգամ սրան, իզուր եմ այստեղ ուշանում,— մտածեցի ինքս ինձ և գլխարկս առնելով հեռացա։

Հազիվ Ամուլյանի տնից մի քանի քայլ հեռացա և ահա իմ ուսանողության ընկերներից մինին պատահեցի, որը մի տարի առաջ էր ավարտել և մի տարի էր արդեն, ինչ գտնվում էր Թիֆլիսում։

— Դուք, անշուշտ, ճանաչում եք Արդուկյանի տունը և ծանոթ եք նրան, շնորհ արեք, առաջնորդեցեք ինձ նրա մոտ,— խնդրեցի ընկերիս։

— Ի՞նչ ունիք նրա հետ,— զարմացմամբ հարցրեց վերջինս։

— Ոչինչ, կամենում եմ նրա հետ ծանոթանալ, դուք խո դիտեք, թե որքա՜ն ես պաշտում եմ նրան։

Ընկերս ժպտաց։

— Ինչո՞ւ համար եք ծիծաղում,— հարցրի նրան։

— Նրա համար, որ քո մեջ տեսնում եմ ա՛յն անմեղությունը, ինչ որ ինքս ունեի Թիֆլիս վերադարձածս ժամանակ։

— Ձեզ չեմ հասկանում։

— Կամենում եմ ասել, թե ես էլ նույն սերը, նույն հարգանքն էի տածում դեպի Արդուկյանը, երբ մտա Թիֆլիս...

— Իսկ այժմ մի՞թե դուք նրան այլևս չեք հարգում։

— Բոլորովին։

— Ինչպե՞ս, մի՞թե դուք էլ... — զարմացմամբ բացականչեցի ես։