Էջ:Muratsan, vol. 3.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտենալով ժողովականներին հարցրեց տիկ. Մարթան և նստեց նրանց մոտ:

Երիտասարդներից մինը համառոտ մի բան պատմեց տիկնոջը գոհացնելու համար։

— Վերցրեք ձեր թեյը խմեցեք, ես նրան կհաշտեցնեմ. այդպես բաներ շատ է պատահել, այս առաջին անգամը չէ. — մխիթարեց ժողովականներին տիկինը և թեյի բաժակները յուր ձեռքով վերցնելով բաժանեց նրանց։

— Նա այնպիսի համառն է, որ էլ չի վերադառնալ, — նկատեց երիտասարդներից մինը։

— Չէ, նա իմ ձեռքից չի պրծնիլ, ականջից բռնած կբերեմ, — պարծեցավ Մարթան։

— Մի՛ նեղանաք, տիկին, շատ էլ չենք կարոտում նրան, — հարեց Մոմճյանը և սկսեց յուր թեյը խառնել։

— Իհարկե, չենք կարոտում, — ավելացրեց խմբագիրը. — միայն թե մի անհարմարություն կա...

— Ի՞նչ անհարմարություն, — ընդհատեց Մոմճյանը։

— Այն, որ «Փնջիկ»֊ը մենք հայերեն ենք հրատարակում..

— Ա՞յդ ինչ է նշանակում, հապա հայերի համար հրատարակվող թերթը թուրքերե՞ն պիտի հրատարակեիք։

— Իհարկե ոչ. բայց որովհետև հայերեն ենք հրատարակում, ուստի անհրաժեշտ էր, որ մեր խմբագրության մեջ գոնե մի հատ հայագետ աշխատակից ունենայինք։ Պարոն Մովսիսյանն այդ պակասը լրացնում էր։

— Չգիտեմ, խոսածներդ հասկանո՞ւմ եք, թե՞ խոսում եք միայն խոսելու համար. — բարկացած, բայց քթի տակ շշնջաց Մոմճյանը։

— Այսինքն, ես... իհարկե, մի քիչ պարզ չհայտնեցի իմ միտքս։ Ուզում էի ասել, որ դուք, պ. Մոմճյան, ռուսաց գիմնազիոնում միջոց եք ունեցել հայերենը լավ ուսումնասիրելու, բայց ես, խոստովանում եմ, ոչ մի տեղ կանոնավոր չեմ սովորել, թեպետ ինքս առանձին շատ պարապել եմ։ Օրինակ, «Հյուսիսափայլ»-ի բոլոր հատորները կարդացել եմ, «Բազմավեպ»-ի...

— Ես էլ եմ «Հյուսիսափայլ»-ի մի հատորը կարդացել: