Էջ:Muratsan, vol. 3.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սարյանի սիրահարության։

— Հա. հետո՞։

— Հետո ա՛յն, որ ես խորհուրդ տվի հեռացնել այոտեղից Սարյանին, թե չէ, ասում էի, մեծ վտանգ կտրող է առաջանալ:

— Այո՛, այո՛, հիշում եմ. այժմ ի՞նչ է պատահել:

— Այն է պատահել, որ Մովսիսյանը իմացել է այդ սիրահարության պատմությունը և եկել է այսօր յուր հակառակորդից հաշիվ պահանջելու:

— Եվ ի՞նչ հաշիվ էր պահանջում։

— Սիրահարները ինչպե՞ս հաշիվ կպահանջեն. եկել էր Սարյանին ծեծելու։

— Եվ ծեծե՞ց նրան։

— Ո՞նց չէ, ծեծե՞ց, կարծես թե իմ հայրենակցին հեշտ է ծեծելը։ Ընդհակառակը, Վահանը այնքան տվավ Մովսիսյանին, որ խեղճի շունչը կտրվեց։

Մինչդեռ Շաշյանը յուր հայրենակցի քաջագործության պատմությունն էր անում, Սարյանը արդեն յուր իրեղենները կապել և մշակների շալակն էր բարձել: Հազիվ վերջիններս կամեցան ոտքերնին դուրս դնել սենյակից և ահա տիկին Մարթան վրա հասնելով ճչաց.

— Այդ ո՞ւր եք տանում, վայր դրեք։

— Տիկին, իմ իրեղեններն են. տեղափոխում եմ ուրիշ տեղ. արգելելու ի՞նչ ունիք,— առաջ անցնելով հարցրեց Սարանը:

— Ձեր իրեղեններն է, կարող եք տանել, ես չեմ արգելում և արգելելու էլ իրավունք չունիմ. բայց առաջ այս տան մեջ ապրելուդ վարձը վճարեցեք։ Այդպես թաքուն ու գողունի փտխչելը պատիվ չէ բերում ձեզ և ես էլ թույլ չեմ տալ ձեզ այդպես վարվելու։

Սարյանը նոր զգաց յուր սխալը և մնաց կանգնած։ Տանտիրուհին իրավունք ուներ։ Ամբողջ ամիս էր, ինչ ինքը այդ կնոջ մոտ ապրում, ուտում և խմում էր, սեր, հարգանք և պատիվներ էր վայելում և, սակայն, այդ բոլորի փոխարեն դեռ մի որևէ փող չուներ վճարած։ Այդ բավական չէ, նա առանց մի խոսք ասելու տանտիրուհուն, դուրս էր գնում նրա տնից: