Էջ:Muratsan, vol. 3.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ լինին և շատախոս կնոջ կամ քրթմնջող մոր Ներկայությամբ կարողանան իրենց առնական արժան առժանապատվությունը բարձր պահել։

Այստեղ կային և ծառաներ, արհեստավորների աշակերտներ, աղքատ և ցնցոտիներ հագած փոքրիկ աղջիկներ, որոնք մի֊մի շիշ ձեռքերին բռնած սպասում էին գինի կամ օղի տանելու, մինը՝ յուր տիրոջ, մյուսը՝ յուր վարպետի և երրորդը՝ պառավ տատի, ծերուկ պապի կամ խմելու սիրահար ծնողների համար։ Շիրաջ֊Մանասը արճճապատ սեղանափակի ետևը կանգնած աչալուրջ ուշադրությամբ դիտում էր գինետան բոլոր անկյունները, հրամաններ էր արձակում և կարգադրություններ էր անում։ Նրա ժիր ծառաները ղաղաքի կոճկած արխալուղներով, արծաթե կամ կաշվե գոտիներով, լայն շալվարներով, որոնց ներքին մասը ամփոփվում էր կաշվե սռնապանների մեջ, փափուկ և անկրունկ ոտնամաններով, որոնք օգնում էին նրանց թե արագ և թե անձայն պտտելուն, աշխուժով դես ու դեն էին վազում և իրենց տիրոջ, հյուրերի և կամ հաճախորդների պատվերները կատարում։

Չորս մեծամեծ կանթեղներ, շրջանավոր լուսամփոփներով, որոնք կախված էին գինետան առաստաղից՝ մեկը մյուսից մի քանի գրկաչափ հեռավորությամբ, լուսավորում էին գինետունը յուր բոլոր պարունակությամբ. այն է՝ հյուրերով, հաճախորդներով, գինու կամ օղիի տակառներով, տավարի ուռած ու գինելի տիկերով և ուրիշ շատ մանրամասնություններով, որոնք այդ գինետան գեղագրական (իհարկե խմողների տեսակետից) ներդաշնակությունն էին կազմում։ Վահանը, որ Մանասի գինետան կենդանությունը տեսնելով մի առժամանակ շվարել կանգնել էր սանդուղքների վերին աստիճանի վրա, շուտով արժանացավ հառաջադեմ ծառաներից մեկի ուշադրության։

— Աղա՛, ի՛նչ կուհրամայիք. համեցեք, խազեինը էստի է,— ասաց մոտեցող ծառան և առաջնորդեց նրան դեպի յուր տերը։

— Արի՛, Վահան ջան, ա՛րի. քեզ էի սպասում. տո՛ ստոլ