Էջ:Muratsan, vol. 5.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդենին այդ րոպեին և համոզվեցավ թև, արդարև պարտավոր է դեռ ապրել։

— Միայն իմ այդ պարտքը կատարելու համար կկամենամ որ դու ազատես ինձ, խան,— ասաց տիրուհին։

— Կազատեմ, գնա՛ և իմ կողմից ասա՛ խոջա֊Անձրևի կնոջը, որ քեզ տանե Ցղնա և մի առժամանակ պատսպարե յուր տանը: Կարող է պատահել որ շահը պտրե քեզ. բայց ես չեմ ցանկանում որ նրա խուզարկուները գտնեն քեզ այստեղ։ Վարդենին զգացված շնորհակալություն արավ խանին և դուրս գնաց։ Իսկ վերջինս շտապեց Շահաբասի մոտ։

— Մարդասպանը գտա, տեր իմ,— ասաց Ամիրգյունեն, գլուխ տալով թագավորին։

— Հայերից մինն է, այնպես չէ՞,— հարցրեց թագավորը շտապավ։

— Հայուհիներից մինը, տեր իմ,— հարեց խանը։

— Հայուհիներից մի՞նը, այդ անկարելի է,— բացականչեց շահը։

— Այո՛, տեր իմ, այն էլ խիստ մանկամարդ հայուհիներից...

— Մանկամա՞րդ... պատմի՛ր, պատմի՛ր, այդ շատ հետաքրքրական է։

Եվ Ամիրգյունեն սկսավ մի առ մի պատմել թագավորին Վարդենի տիրուհուց լսածները։

— Վաղ առավոտ, ուրեմն, կախեցեք միևնույն կախաղանից այդ հանդուգն կնոջը,— ասաց թագավորը։

— Ոչ, տեր իմ, նա պիտի ապրի, ես այդ խոստացա նրան. ասաց Ամիրգյունեն։

— Խ՛ան, դու հիվանդ չե՞ս. — զայրացած և զարմացած հարցրեց թագավորը։

— Կամենում ես ասել թե՝ գուցե խելագարվել եմ ծերությանս օրերում։

— Հապա ի՞նչ պատասխան է այդ, որ դու տալիս ես ինձ:

— Ես, տեր իմ, խոստացա այն կնոջը ապրեցնել, հուսալով քո մեծանձնության վրա։ Բացի այդ, ես թանկ եմ գնահատում քո հանգստությունը, ուստի կամենում եմ որ դու արքայական ներողամտությամբ վախճան դնես այն անարգանքներին,