Էջ:Muratsan, vol. 5.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես պետք է մտածե ամեն մի հայ, երբ տեսնե որ օտար պարսկի ձեռը մոտենում է լուսավորչավանդ Աթոռին։

— Այդ ճիշտ է. բայց ի՞նչ կարող ենք անել մենք,— հարցրին մի քանի ձայներ։

— Աղքատները և չունևորները՝ ոչինչ․ բայց հարուստները, խոջաները, մելիքները և մյուս ազնվականները, որոնք պարտավորված մեծագին ընծաներ կամ դրամական նվերներ պիտի տանեն շահին, թող իրենց այդ ընծաները բաժանեն երկու մասի, մինը ներկայացնեն իբրև նվեր շահին, մյուսը՝ իբրև վճար աթոռական պարտուց։ Եթե կանխավ միանաք, ամեն ինչ որոշեք և տանելիքներդ հաշվեք, կտեսնեք որ հեշտությամբ Աթոռի պարտքը կվճարվի և կաթողիկոսն էլ կազատավի կապանքից։

Ժողովականները մի քիչ ժամանակ թեր և դեմ խոսելուց հետո համաձայնվեցան տեր-Անդրեասի հետ և ցրվեցան իրենց տները։

Ջ

Քիչ ժամանակից հետ տեր-Անդրեասը նստած յուր առանձնարանում քրքրում էր հին ու նոր ցուցակներ, որոնց նա կազմել էր զանազան ժամանակներում և զանազան պետքերի համար։ Այդ ցուցակներից նա հանում էր Ագուլիսում և նրա Դաշտ կոչված գյուղամասում ապրող զանազան ընտանյաց և նրանց երեխայոց անունները, յուրաքանչյուրի առաջ նշանակելով տղայոց տարիքը և այլ որպիսությունները։

Ճրագուի մոմը, որ հազիվ էր փոքրիկ սենյակը լուսավորում, յուր աղոտ լույսը սփռելով երիտասարդ քահանայի վրա՝ երևան էր հանում նրա լայն ճակատը, որ այդ վայրկյանին ծածկվել էր կնճիռներով, խաժակն աչքերը, որոնք արտահայտում էին լուրջ մտահոգություն, և գեղեցիկ դեմքը, որ համակված էր անուշ տխրությամբ: Նա երբեմն դադարում էր գրելուց և գլուխը ափի մեջ առնելով՝ սկսում էր մտածել։ Եվ այդ ժամանակ նա հոգվով սլանում էր հեռու, թևապարում այն ընտանիքների շուրջը, որոնք ունեին զավակներ, մատղաշ