Էջ:Muratsan, vol. 6.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա, իհարկե, չէր մտածում ոչ Լիդիա Պավլովնայի մայրական փառասիրությունը գոհացնելու և ոչ էլ որդու ամառային հանգստության մասին. նրան հետաքրքրում էր ավելի լուրջ ու դրական խնդիր. այսինքն այն, որ յուր որդին տասներկու տարի շարունակ ուսման համար իրենից հազարներ ստանալուց հետո, այսօր, երբ արդեն ուսումն ավարտած վերադարձել է, փոխանակ լրջորեն գործի կպչելու և հորից ստացած փողերի գեթ մի մասը յուր ձեռքի աշխատանքով հորը վերադարձնելու և դրանով նրան ուրախացնելու, ընդհակառակն, դեռ նոր ծախսեր է անում և ինչ որ ճանապարհորդության կամ հեռավոր ազգակիցների վրա է մտածում։

Անհանգիստ շարժումն անելով հանդերձ, Կիրիլ Կարպիչը մի կողմը դրավ ծխափողը և ձեռքերը խրելով խալաթի գրպանները, որոնք գտնվում էին տկի պես ուռած և խալաթի փնջազարդ ժապավենով հազիվ սանձահարված փորի աջ ու ձախ կողմերում, հարցրեց որդուն.

— Պե՛տո, չլինի՞ թե քո գլխումն էլ հոպոպներ են լույս ընկել։

Երիտասարդ Կամսարյանը, որ այսպիսի մի հարց ընկերներից լսելուց կարող էր նրանց մենամարտի հրավիրել (որպեսզի ապացուցանե թե որքա՛ն պատվասեր է), հորից լսեց այդ խոսքը նույնիսկ առանց բարկանալու, համոզված լինելով, որ նա ուրիշ կերպ հաճոյախոսել չի կարող։

— Ի՞նչ ես կամենում դրանով ասել, հա՛յրիկ,— հարցրեց նա։

— Այն, որ ուսումը խելքահան է արել քեզ, ո՞րդի.․. ախար մի գնա դատարան և տե՛ս թե քեզանից մի տարով առաջ ավարտողները ի՞նչպես են այնտեղ գործեր պաշտպանում, ժամերով վիճում կամ ճառեր խոսում և դրա համար նրանք հարյուրներ, հազարներ են ստանում, իսկ դու դեռ «կռոների» մասին ես մտածում, կամ նրանց հոտած գյուղերում ապրելու պլաններ քաշում։— Սա ինչի՞ նման է։

Կիրիլ Կարպիչը նորեն ձեռքն առավ ծխափողը և հաստ շրթունքները կպցնելով երկար բնի ծայրին, երկու անգամ առատորեն ներս քաշեց ախորժելի ծուխը և ապա արտաշնչելով այն, վեր կացավ տեղից։