Էջ:Muratsan, vol. 6.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՄՔԱՆ.— (մոտենալով և Ռուզանի թևն առնելով) Ռուզան, դստրիկս։

ՌՈՒԶԱՆ.— (քնքշաբար մորը հեռացնելով) Ա՜հ, մայր իմ, մի՛ խանգարիր ինձ, աղաչում եմ...
ՄԱՄՔԱՆ.— (ավելի մոտենալով և գրկելով Ռուզանին) Ոչ, Ռուզան, ոչ, քեզ չպիտի թողնեմ, քեզ այսպես պիտի գրկեմ, իմ կուրծքը քեզ համար պատնեշ պիտի շինեմ․ թող թափվին ինձ վրա բռնավորի դահիճներ․ թող նրանք առաջ ինձ մաս֊ մաս կտրտեն և ապա թե քեզ իմ գրկից խլեն։ Ես բաց աչքերով չի պիտի տեսնեմ քեզ գերի՝ անհավատ բռնավորի ձեռքում, քե՛զ, Ռուզա՛ն, որին վարդի պես պահել, վարդի պես մեծացրել եմ. դու պիտի խնայես մորդ, որի աչքերի լույսն ես, Ռուզան...
ՌՈՒԶԱՆ.— Ա՜հ, մայր իմ, մայր իմ... դու մորմոքում ես իմ սիրտը, դու թուլացնում ես իմ արիությունը...
ՄԱՄՔԱՆ.— (աղաչավոր ձայնով դեպի իշխանները) Իշխաններ, դուք կանգնել եք անգործ, մի՞թե չեք զգում մեր թշվառության ծանրությունը, փութացեք, գործեցեք՝ ինչ
որ կարող եք...
ԻՇԽԱՆՆԵՐ.— (առաջ շարժվելով) Մենք սպասում ենք մեծ իշխանի հրամանին։
ՌՈՒԶԱՆ.— (հրամայաբար) Թող ոչ ոք ձեզանից առաջ չշարժվի։
ՄԱՄՔԱՆ.— (հուսահատ ձայնով) Ռուզա՛ն... աղջի՛կս... (թուլացած նստում է աթոռին):
ՆԵՐՍԵՀ.— (առաջ գալով) Ռուզա՛ն, ես մինչև այժմ լռեցի, որովհետև չի պիտի կարենայի ազդել քեզ վրա ավելի, քան կարող էին ազդել մի հոր վշտահար դեմքը և մի թշվառ մոր աղաչավոր լեզուն։ Բայց որովհետև դու անդրդվելի ես մնում այդ հսկա ուժերի առաջ, ուրեմն ես այլևս չի պիտի աշխատեմ քո սիրտը շարժելու։ Ես չի պիտի խոսեմ մեր բարեկամության վրա, մեր ջերմ և անզուգական սիրո վրա, որին ուխտել ենք հավատարիմ մնալ մինչև ի մահ, այլ միայն պիտի աղաչեմ, որ մի փոքր համբերես։ Ես այս րոպեին իմ քաջերով կթռչեմ դեպի այն հանդիսավայրն, ուր հազար կապյալներն են․ ես կջնջեմ այդ զոհերի դահիճների խումբը, ես կազատեմ նրանը...