ահարկու աչքեր և օդի մեջ քարացած մի բռունցք։ Միևնույն ժամանակ նրա քթովը դիպավ գինու ծանր հոտը։
— Դե, ի՞նչ անեմ, Արտեմ ջան,— ասաց նա նորից խեղճացած։— Սիրտս մղկտաց, որ...
— Սա՛սդ,— գոռաց նորից Արտեմը։— Գնա տեղաշորս գցի։
Պառավը սուս ու փուս շտապեց նրա հրամանը կատարելու։ Մթության մեջ խարխափելով և տնքտնքալով մի կերպ գցեց Արտեմի անկողինը։
Արտեմը ձեռաց հանվեց և պառկեց։ Պառկելուն պես սկսեց խռմփացնել։
— Էէ՜, ես էլ կասեմ որդի ունեմ ու ապրում եմ, է՛լի, աշխարքի երեսին։ Վայ իմ օրին, վա՛յ,— հառաչեց Մարանը և նորից մտավ անկողին։
Ծեգը հեռու չէր։ Փոքրիկ պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել։
Հավերը շարժվեցին թառի վրա, մեկը մյուսի հետևից բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը, սկսեցին կտուցներով քորել թևերի և կրծքի տակ, հետո վզներն երկարացրին դեպի ներքև, նայեցին դեսուդեն, ցնցելով մսեղ, կարմիր կատարները, և հանկարծ ահագին կռկռոցով ցած թռան, օդի մեջ ցանելով իրենց թափվող փետուրները։
Պառավը, որ լուսադեմին նորից քնով էր անցել, աչքերը բաց արեց, տնքտնքալով վեր կացավ և հագավ իր սև լաթերը։
Հավերը մոտեցան նրան և սկսեցին ավելի բարձր կռկռալ։
— Հա՛, հա՛, ձեր աչքն էլ կարեմ, էս ա, տալիս եմ,— փնթփնթաց պառավը և ուզում էր մոտենալ կուտի տոպրակին, բայց հանկարծ կողմնակի մի հայացք ձգելով քնած որդու վրա, տեսավ վերմակը մի կողմ է ընկել և նրա մազոտ կուրծքը բաց է մնացել։ Մոտեցավ և զգուշորեն վերմակի ծայրը քաշեց նրա կրծքին։
Չնայելով հավերի բարձրաձայն կռկռոցին, Արտեմը խոր քնած էր։
Մի քանի րոպեից հետո հավերը, կուտն արդեն կերած,